ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Միջնորդությունը պատճառաբանված համարելու համար պետք է գտնվենք խելագարության կանխավարկածի մեջ. Եփրիկյան

Միջնորդությունը պատճառաբանված համարելու համար պետք է գտնվենք խելագարության կանխավարկածի մեջ. Եփրիկյան

«Պատրաստվում ենք գրավի նոր միջնորդություններ ներկայացնել տղաների վերաբերյալ՝ հույս ունենալով, որ առաջին ատյանի դատարանում գոնե մի փոքր իրավական մասնագիտական արժանիք ունեցող դատավորների վարույթում կհայտնվեն այդ գործերը, որ պաշտպանյալներս ժամ առաջ հայտնվեն ազատության մեջ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի պաշտպան Վահե Եփրիկյանը։

Նա նշեց, որ իր պաշտպանյալների կալանավորումների վերաբերյալ երկու բողոքներն էլ մերժվել են դատարանների կողմից, սակայն փաստաբանները որոշումները դեռ չեն ստացել։

«Իրավական հանրույթում հայտնի անձանց կողմից նրանք որակվել են որպես քաղբանտարկյալներ, որովհետև նույնաբովանդակ այլ իրավիճակներում որևէ քրեաիրավական գործընթաց չի նախաձեռնվել, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, իրավական որևէ պրոցես տեղի չի ունեցել, մինչդեռ ե՛ւ Նարեկ Մութաֆյանի, ե՛ւ Սարգիս Օհանջանյանի նկատմամբ ունենք հարուցված շինծու քրեական գործ։ Նրանք կալանավորվել են այն հիմքով, որ քննիչը ներկայացրել է իրավականորեն մերկ և դատարկ միջնորդություն կալանավորման վերաբերյալ՝ բաղկացած երեք թերթից։ Ակնհայտ է, որ այդ միջնորդությունը հիմնավոր պատճառաբանված համարելու համար պետք է գտնվենք խելագարության կանխավարկածի մեջ։ Միայն միջնորդությունն ինքնին անհարգալից վերաբերմունք է դատարանի հանդեպ»,-վստահեցրեց Եփրիկյանը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու և անհարգալից վերաբերմունքի մեջ մեղադրվող Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են։

  • Կիսվել: