շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում մեր երկրում ավտորիտար պոպուլիզմի խորացող դրսեւորումների վրա. հայտարարություն

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում մեր երկրում ավտորիտար պոպուլիզմի խորացող դրսեւորումների վրա. հայտարարություն

ՀՀԿ Գործադիր մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարռում է այսօր ակցիայի ժամանակ մարդկանց բերման ենթարկելու փաստին, որոնց թվում եղել են նաեւ ՀՀԿ-ականներ:

Հայտարարությունում ասվում է.

«Այսօր ՀՀ Ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին մի քանի տասնյակ երիտասարդներ, որոնց թվում՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ, ներառյալ՝ ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես նաեւ «Ադեկվադ» միաբանության եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2020թ. մայիսի 14-ին Կառավարությունը որոշեց եւս 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում դեռեւս 2020թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը:

Միաժամանակ գրեթե ամբողջովին վերացվեցին համավարակի տարածմամբ պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները` ողջ ծավալով գործարկվեց  հանրային տրանսպորտը, բացվեցին բոլոր առեւտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները, մարզասրահները, նախակրթարանները եւ այլն:

Նման պայմաններում ակնհայտ է, որ արտակարգ դրության ռեժիմի երկրաձգումը հետապնդում է բացարձակապես ոչ իրավաչափ նպատակներ, որոնցից մեկը հավաքներ իրականացնելու արգելքն է:

Այս քայլով իշխանություններն ապացուցում են, որ աճող հանրային դժգոհությունը զսպելու միակ ձեւը մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակումն է:

Այս իշխանությունները՝ օգտվելով արտակարգ դրության պատրվակից, իրականում պայքարում են ոչ թե՝ համավարակի, այլ՝ ընդդիմախոսների դեմ, փորձելով ճնշել օրեցօր խորացող հանրային դժգոհությունները եւ այլակարծությունը: Տապալելով կորոնավիրուսի դեմ պայքարը՝ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում իրենից դժգոհ հարյուր հազարավոր քաղաքացիների դեմ՝ անհիմն սահմանափակելով նրանց հիմնարար ազատությունները եւ իրավունքները:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

• Խստորեն դատապարտում է Հայաստանում ժողովրդավարությանը հարվածող այս գործելաոճը:

• Պահանջում է կառավարությունից  վերացնել մարդու իրավունքների եւ ազատությունների չհիմնավորված եւ անհամաչափ սահմանափակումները:

• Իշխանություններին հորդորում է հրատապ եւ գործուն միջոցներ ձեռնարկել Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ, ինչպես նաեւ իրական եւ արդյունավետ պայքար մղել մարդկանց առողջության համար։

• Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է մեր երկրում ավտորիտար պոպուլիզմի խորացող դրսեւորումների վրա:

  • Կիսվել: