երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու. Բագրատ Սրբազանը՝ վաղվա անհնազանդության գործողությունների մասին

Միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու. Բագրատ Սրբազանը՝ վաղվա անհնազանդության գործողությունների մասին

Միայն Լոռի եւ Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու, մնացած բոլոր հնարավոր եւ անհնար տարբերակներով Մեղրիից սկսած բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ ներկայացնելով վաղվա անհնազանդության գործողությունները:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես լինելու եմ փողոցում, կատարելու եմ իմ անելիքը, հիմա չեմ ասում՝ ինչ եմ անելու, եւ 8.15 գտնվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ մինչ այդ իմ անելիքը կատարած: Յուրաքանչյուրս առավոտյան, ամեն մեկը իր տեղը իմանալով, գիտեք արդեն ձեր տեղերը, ժամը 8-ին մեկ մարդու նման...

Եթե ուզում եք, որ այս մարդիկ օր առաջ հեռանան, ոչ թե եկեք իմ դեմքին նայելու, այլ եկեք միմյանց դեմքերին նայենք, միմյանց տեսնենք այդ խրամատում: Ուրիշ ձեւ տեղի չի ունենալու այս մարդկանց մեկնումը եւ հանձնվելը: Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որեւէ հնարավորություն աշխատանքի գալու, որովհետեւ իրենք աշխատանք չունեն, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար: Մենք չենք ուզում, որ նրանք լինեն մեր վարձկանները, բաց պետք է թողնենք, որ գնան»:

Բագրատ Սրբազանը կոչ արեց մայրերին երեխաներին մանկապարտեզ, դպրոց տանելու փոխարեն դուրս գալ փողոց, որպեսզի «այլեւս մեր զավակները ապահով ու անվտանգ ապրեն, արժեքներով ապրեն»:

«Բոլորդ ձեր նախընտրած վայրերում եւ նախապես տեղեկացված լինելով, հետեւելով, Երեւանում, նրա սահմաններից դուրս՝ առավոտյան ժամը 8-ին կատարում ենք մեր անհնազանդության գործողությունը: Մասնակցում եք ամբողջությամբ, եթե ուզում եք, որ փոխվի այն իրավիճակը, որի մեջ մեզ պարտադրաբար ներգրավել են:

Այստեղ գիշերը մնալու խնդիր չունենք: Այսօր շատ կարեւոր քայլ ենք արել, մեր ուղերձը տվել ենք, մարդը ներկա չի գտնվել, որովհետեւ չէր էլ կարող: Մենք շարունակում ենք մեր ճանապարհը: Տանը քնած չմնաք, եթե վաղը այսքան մարդ դուրս չեկավ, ուրեմն՝ այսօրվա արածները ճիշտ չեն: Վաղը երեկոյան ուրիշ գործ ունենք անելու, բայց դրա մասին վաղը ցերեկը կասենք: Քայլ առ քայլ ամեն ինչի մասին իմանալու եք»,-ասաց նա:

  • Կիսվել: