երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Միայն բացառության կարգով թույլատրել ենք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի օդանավի թռիչքը Թուրքիա․  Չավուշօղլու

Միայն բացառության կարգով թույլատրել ենք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի օդանավի թռիչքը Թուրքիա․ Չավուշօղլու

Միայն բացառության կարգով թույլատրել ենք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի օդանավի թռիչքը, քանի որ նա պետք է մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության միջոցառմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։

«Եթե Հայաստանը նման կերպ շարունակի, հուշարձանը չհանի (Նեմեսիս օպերացիային նվիրված հուշարձանը Երևանում, խմբ․), ապա լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկելու»,-ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ հուշարձանի տեղադրումից հետո Թուրքիան փակել է իր օդային տարածքը երրորդ երկրներ թռչող հայկական ինքնաթիռների համար։ Այս առնչությամբ Չավուշօղլուն ասել է, որ հնարավոր է բացառության կարգով թույլ տան հայկական ինքնաթիռների թռիչքը Թուրքիա, բայց ոչ իր տարածքով երրորդ երկրներ։ Թուրքիան պահանջում է Հայաստանից ապամոնտաժել Երևանի կենտրոնում վերջերս տեղադրված Նեմեսիս օպերացիային նվիրված հուշարձանը։

Չավուշօղլուն սպառնացել է, որ եթե հուշարձանը չապամոնտաժվի Թուրքիան կձեռնարկի այլ միջոցներ ևս։ Մինչ այդ Ալեն Սիմոնյանը այսօր տեսահոլովակ է հրապարակել Թուրքիայից, որտեղ երևում է իր մեքենայի վրա տեղադրված ՀՀ փոքրիկ դրոշը և ոգևորված գրառում արել․

«Հայաստանի դրոշը Թուրքիայում»։

«Նեմեսիս» օպերացիայի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին և 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին։ Այս կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Նեմեսիս (հունարեն՝ Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։

  • Կիսվել: