Մի տարի առաջ ասում էր՝ քրգործ կա, ինձ այդպես էլ չեն հրավիրել ՔԿ. Սարգսյան
Եթե հնարավորություն ունենաս միաժամանակ ձեռք բերել տարբեր տեսակի զինատեսակներ, լավ կլինի, բայց եթե նման հնարավորություն չունես, պետք է ընտրես լավագույն տարբերակը: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին այն մասին, թե իր օրոք անպիտան զենք է ձեռք բերվել, որը չի կրակում: Այս առնչությամբ Սարգսյանն ասաց, որ այդ հայտարարությունից բխում է՝ եթե ինքը մի ցորենի հատիկի չափ մեղք ունենար, վաղուց այլ տեղում կլիներ:
՛՛Մի տարի առաջ ասում էր, որ քրեական գործ կա, ինձ այդպես էլ չեն հրավիրել Քննչական: Ես ի՞նչ առնչություն պետք է ունենայի, Սերժ Սարգսյանը զենք գնելու պայմանագի՞ր է ստորագրում: Իսկ ուղիղ առնչություն ունեցողները ձերբակալվա՞ծ են: Մի ամբողջ տարի անցել է, ո՞ւր է:
Այդ ստերի շտեմարանն ամեն անգամ բավարար չափաբաժին է բաց թողնում, մարդկանց հիմարեցնում, հետո սրան-նրան համոզում են, որ իմ մերձավորներին քրեական պատասխանատվության կանչեն: Դա շնո՞րհք է՝ ենթադրությունները պարտադրել իրականություն դարձնել: Չարությունը հանելու այլ ձև չկա՞՛՛,-նշեց նա: