շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մի քանի պատգամավորով ներխուժել են Արտաքին գործերի նախարարության շենք, փորձում են հունից հանել դիվանագետներին․Վահագն Ալեքսանյանն՝ ընդդիմությանը

Մի քանի պատգամավորով ներխուժել են Արտաքին գործերի նախարարության շենք, փորձում են հունից հանել դիվանագետներին․Վահագն Ալեքսանյանն՝ ընդդիմությանը

Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձավ ընդդիմադիրների գործողություններին։ Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները մուտք էին գործել ԱԳ շենք, և ցանկանում էին պարզել, թե արդյոք ԱԳՆ–ում կա մեկ պաշտոնյա, ով պատրաստ է ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արամ Վարդևանյանը հայտնեց, որ փոխարտգործնախարարներից մեկը հայտարարել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Ուզում եմ դիմել ՀՀ քաղաքացիներին։ Սիրելի քաղաքացիներ, այսօր այս քառօրյայում  քննում ենք կարևոր նախագծեր, ինչպիսիք են Քրեական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի նախագծերը, ԿԲ տարեկան զեկույցը, շահումով խաղերի հետ կապված նախագիծը, որով արգելվելու է այսուհետ կանխիկ գումարով շահումով խաղերին մասնակցելը։ Իսկ այս ընթացքում, սիրելի քաղաքացիներ, դահլիճի աջ թևի աթոռները դատարկ թողած ընդդիմադիրները, որոնց դուք ձեր եկամուտներից, ձեր վճարած հարկերից տալիս եք աշխատավարձ, զբաղված են մանր խուլիգանությամբ։ Մի քանի պատգամավորով ներխուժել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք, այնտեղ մանր խուլիգանություններով փորձում են հունից հանել այն դիվանագետներին, որոնք օրեր շարունակ, գիշեր ու զօր աշխատում են, որպեսզի Հայաստանի, Արցախի ու տարածաշրջանի համար ապահովեն կայունություն։ Ստիպում են այդ մարդկանց տեսախցիկների առաջ անել արտահայտություններ, որոնց գուցեև այդ կայունության վերացման, դրա տատանման ու էսկալացիայի պատճառ դառնան»,–ասաց ՔՊ–ական պատգամավորը։

Նա հարց հնչեցրեց, թե ի՞նչ են ուզում այդ մարդիկ, ո՞ւմ շահերն են նրանք սպասարկում և ինչո՞ւ են սպասարկում այլոց շահերը, եթե նրանց աշխատավարձը վճարում եք դուք։

  • Կիսվել: