չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մի քանի անգամ եղել են պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ. Ռոբերտ Քոչարյան

Մի քանի անգամ եղել են պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ. Ռոբերտ Քոչարյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմեց մեկ դրվագի մասին, բայց համոզված եմ և գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ եղել են մի քանի անգամ։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, որ հոկտեմբերի 19-ին դեռևս կարողացել է Ալիևին համոզել կանգնեցնել պատերազմը, սակայն Նիկոլ Փաշինյանը մերժել է։

Այս առնչությամբ նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեկ բան ուղղակի ավելացնեմ ձեր հարցի առաջին մասին․ նա պատմեց մեկ դրվագի մասին, բայց համոզված եմ և գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ եղել են մի քանի անգամ, և ենթադրվում էր որոշակի զիջումներ։ Եվ մեր իշխանությունը, իմանալով, թե այս ամենը ինչով է ավարտվելու, չգնաց այդ քայլին՝ չպիտակավորվելու պատճառով, և ստացանք վերջում ամենից վատ տարբերակը։

Ի դեպ, մի բան ավելացնեմ, քանի որ վերջերս դրա մասին խոսակցություն էր գնում, որ իբրև Շուշին միշտ եղել է ինչ-որ բանակցային փաթեթի մեջ։ Երբեք չի եղել։ Երբ ասում էին փախստականների վերադարձի մասին, այդ 80/20 հարաբերակցությունը մեր դիվանագիտական հաղթանակն էր Մադրիդյան սկզբունքների մեջ։

Դա վերաբերում էր հանրաքվեին։ Մենք էինք պնդում, որ Ղարաբաղի վերաբերյալ հանրաքվեն պետք է արվի այդ հարաբերակցությամբ, որովհետև մենք ենթադրում էինք, որ երկար ժամանակ է անցնելու, և մենք չէինք ուզում, որ Ադրբեջանն անձնագրեր դուրս գրելով, հանկարծ հետո չպարզվի, որ 100 հազար ադրբեջանցի է եղել Ղարաբաղում։ Մենք ֆիքսել ենք կոնֆլիկտի սկզբի տոկոսային հարաբերակցությունը։ Դա մեր դիվանագիտական հաղթանակն էր և դա հեշտ չէր։

Ինչ վերաբերում է մյուս հանգամանքին, որ մեկ է՝ ենթադրվում էր, որ փախստականները պետք է վերադառնան, դա ևս մեր դիվանագիտական հաղթանակն է։ Այդ բառը՝ «համաչափ» բառը։ Հայերեն տեքստ չկար ընդհանրապես, որոշումները կային անգլերեն և ռուսերեն տարբերակով։ Երևի մեր պաշտոնյաները լավ չեն տիրապետում ռուսերենին, և միգուցե պատճառը դա է։

Բայց այդ համաչափ վերադարձը ենթադրում էր հետևյալը․ Ադրբեջանից հեռացել էին 350 հազար հայ, Ղարաբաղից հեռացել էին կոնֆլիկտի ընթացքում մոտ 40 հազար ադրբեջանցի։ Ընդհանրապես, որևէ բանակցային գործընթացում որևէ մեկը չի կարող ասել, որ դեմ է փախստականների վերադարձին։

Ուղղակի միջազգային հանրության համար բոբո է դառնում։ Հիմա ի՞նչ ենք մենք առաջարկել և հասել դրան։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները չեն կարող ավելի մեծ իրավունքներ ունենալ, քան Բաքվից, Կիրովաբադից հեռացած հայերը։

Եթե խոսքը գնում է վերադարձի մասին, այդ համաչափությունը ենթադրում է, որ ինչքան հայ վերադառնա Բաքու, Կիրովաբադ, այդ համաչափությամբ ադրբեջանցիները կվերադառնան Ղարաբաղ, 1-ը-7-ի հարաբերակցությամբ, մոտավորապես, 350 հազար՝ 40 հազարի դիմաց։ Եվ սա մեր դիվանագիտական հաղթանակն էր, որի տակ կար լուրջ հիմնավորում։ Մեզ չէին կարող համանախագահներն ասել, որ չէ՝ Բաքվի հայ փախստականներն ավելի նվազ իրավունքներ ունեն։ Սա է։ Բայց ինչպես միշտ, փորձում են փրփրուրներից կախվել և բաներ հորինել՛՛:

Քոչարյանն անդրադարձավ նաև իր՝ Մոսկվա մեկնել-չմեկնելու բազմիցս քննարկված հարցին: Նա նշեց. ՛՛Ուղղակի իմ կորոնավիրուսի թեստը դրական էր։ Ես կասկածներ ունեմ՝ ինչու էր այդ թեստը դրական, բայց քանի որ փաստեր չունեմ, չեմ ուզում այդ մասին խոսել:

ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ սիմպտոմներ չուներ. ՛՛Ենթադրվում էր, որ կարող է երկուշաբթի-երեքշաբթի օրը ես մեկնեի, երկու-երեք օր առաջ թեստ հանձնեցի, անսպասելիորեն դրական էր արդյունքը։ Դրական արդյունքով մտել եմ բազա ու պարզ էր, որ ուղղակի չեմ կարող մեկնել։ Հիմնական նպատակը գնալու, իհարկե, եղել է համոզելը, ամեն ինչ անելը օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար՛՛։ 

  • Կիսվել: