Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»․ ՏԿԵՆ–ի պատասխանը
ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի գտնվելու հարցն ամենայն հավանականությամբ կլուծվի այս տարի։ Նման եզրակացության կարելի է հանգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրությունից` ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է հերթական թարմացված ցուցակը, որը ներառում է նաև Հայաստանը: Նախարարությունից ընդգծել են, որ ցանկում ներառելը չի արտացոլում արդեն իսկ կատարված աշխատանքի ծավալն ու որակը:
Գերատեսչությունը հիշեցրել է, որ «սև ցուցակից» դուրս գալու մտադրության կապակցությամբ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2024 թվականի հոկտեմբերի 1-ին համապատասխան դիմում է ուղարկել ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրենությանը։ Գործընթացը սկսվել է նոյեմբերի 13-ին, երբ տեղի է ունեցել Հայաստանի և ՇՏԵՀ-ի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը տնօրինությանը փոխանցել է նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը հավաստող փաստաթղթերի փաթեթը՝ դրանք պաշտոնապես վավերացնելու և որոշում կայացնելու նպատակով:
«ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 24-ին ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրենություն ներկայացրած ուղղիչ գործողությունների և դրանց իրականացումը հավաստող փաստաթղթերի գնահատման պատասխանը ստացվել է 2025 թվականի ապրիլի 25-ին, որի արդյունքներով ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրինության կողմից առաջարկվել է Հայաստանում անցկացնել ԵՄ գնահատողական այց 2025 թվականի ընթացքում»,-նշվում է նախարարության պատասխանում։
Գերատեսչությունը հստակեցրել է, որ Հայաստանին «սև ցուցակից» հանելու մասին վերջնական որոշումը կկայացվի միայն այս այցի և դրա արդյունքների վերլուծության արդյունքում:
Միաժամանակ պատժամիջոցների պատճառով հայկական ավիացիոն ոլորտին հասցված վնասի գնահատում նախարարությունում չի կատարվել։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը հայկական բոլոր ավիաընկերություններին ներառեց թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ Սա նշանակում էր, որ փոխադրողների վրա տարածվում է ԵՄ երկրների օդային տարածքում շահագործման արգելքը՝ ավիացիոն անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Այս ցուցակում Հայաստանը հայտնվեց այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն։