երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մհեր Արմենիան փաստաթղթերը չի ներկայացրել ԿԸՀ. նրա «Ազգի ձայնը» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա ընտրություններին

Մհեր Արմենիան փաստաթղթերը չի ներկայացրել ԿԸՀ. նրա «Ազգի ձայնը» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա ընտրություններին

Երեկ ավարտվեց ժամկետը, երբ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնել հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը, գրում է armtimes.com-ը:

Երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ցուցակը, ըստ որի՝ սահմանված ժամկետում ԿԸՀ գրանցման համար փաստաթղթեր էին ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։ Նկատենք, սակայն, որ հրապարակված ցուցակում բացակայում էր երգիչ և իրեն նաև քաղաքական գործիչ հռչակած Մհեր Արմենիայի (Մհեր Մեսրոպյան) «Ազգի ձայնը» կուսակցությունը, այնինչ լրագրողները արձանագրել էին, որ Մհերը ներկայացել էր ԿԸՀ:

Ճշտելու համար, թե ինչ խնդիրներ են առաջացել, որոնց պատճառով «Ազգի ձայնը» կուսակցության անունը չկար ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների կողքին, «Հայկական ժամանակը» փորձեց կապ հաստատել երգչի հետ, սակայն որևէ կերպ դա մեզ չհաջողվեց: Նրա հեռախոսահամարը երեկվանից անջատված է:

Հարցի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե ներկայացված ցուցակում չի նշվում որևէ կուսակցություն, նշանակում է այդ կուսակցությունը կամ դաշինքը չի ներկայացրել փաստաթղթեր: «Մեզ հայտնի չեն պատճառները, թե ինչու որևէ կուսակցություն կամ դաշինք չի ներկայացրել փաստաթղթեր»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ «Ազգի ձայնը» կուսակցության ղեկավար Մհեր Մեսրոպյանը երեկ ներկայացել է ԿԸՀ, Հերմինե Հարությունյանը պատասխանեց. «Միգուցե ներկայացել է, բայց փաստաթղթեր չի ներկայացրել հանձնաժողովին, որպեսզի գրանցվի՝ որպես ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություն: Չկա որևէ կուսակցություն կամ դաշինք, որ ներկայացնի փաստաթղթեր, և այդ փաստաթղթերը չընդունվեն»,- նշեց մամուլի խոսնակը:

Նշենք, որ երեկվանից նաև «Ազգի ձայնը» կուսակցության ֆեյսբուքյան էջում որևէ պարզաբանում չի տրվել, թե ինչ խնդիրներ են առաջացել, որ կուսակցությունը չի ներառվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների և դաշինքների շարքում:

Հիշեցնենք, որ Մհեր Արմենիան ամիսներ առաջ հայտարարեց, որ պատրաստվում է կուսակցություն հիմնադրել և մասնակցել ընտրություններին: Այս ամիսների ընթացքում նա վստահորեն պնդում էր, որ հաղթելու են: Ապրիլի 21-ին էլ Մհերը հրավիրել էր իր կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցելու: Հրավերին արձագանքած լրագրողները, սակայն, հասնելով նշված վայր, անակնկալի էին եկել՝ արձանագրելով, որ ընդարձակ դահլիճում ներկա է ընդամենը 15-17 հոգի

  • Կիսվել: