կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խաղաղապահների միջոցով կնպաստենք գերիների փոխանակման հարցի արագ լուծմանը. ՌԴ ԱԳ նախարար

Խաղաղապահների միջոցով կնպաստենք գերիների փոխանակման հարցի արագ լուծմանը. ՌԴ ԱԳ նախարար

Ուրախ ենք, որ ՀՀ նորանշանակ ԱԳ նախարարն իր առաջին արտասահմանյան այցը կատարում է դեպի Մոսկվա: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովը:  

«Իհարկե հիշում ենք, որ այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է, և մեր ցավակցությունն ենք հայտնում այդ կապացությամբ: Ես հիշում եմ, թե որքան ընդգրկուն էր արձագանքը տեղի ունեցած ողբերգությանը ԽՍՀՄ-ում: Հույս ունեմ, որ նման բնական աղետների նկատմամբ մեր կոլեկտիվ պատրաստությունն այսօր շատ ավելի բարձր մակարդակում է»,- ասաց Լավրովը:

Լավրովը հայտարարեց, որ կարևորագույն հարցերից է գերիների փոխանակումը: «Մեր խաղաղապահների միջոցով հնարավոր ամեն կերպ կնպաստենք այդ հարցի հնարավոր արագ լուծմանը: Գիտենք, թե դա որքան սուր թեմա է գերության մեջ հայտնվածների հարազատների, բարեկամերի և ընկերների համար: Իհարկե, նաև կարևոր է աճյունների փոխանակումը: Դա նույնպես խնդրի զգացմունքային կողմերից մեկն է, որը պետք է անհապաղ լուծել»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը:

Նա ասաց, որ հանդիպման ընթացքում մտքեր կփոխանակեն, թե ինչպես շարունակել նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման քայլերը: «Սա նաև հիանալի հնարավորություն է քննարկել մեր երկկողմ դաշնակցային հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև այլ՝ ոչ միայն տարածաշրջանային հարցեր»,- եզրափակեց Լավրովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: