ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր գործընկերներն այլևս չեն օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը․ Հովհաննիսյան

Մեր գործընկերներն այլևս չեն օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը․ Հովհաննիսյան

Բրյուսելում «միջանցքի» մասին չխոսվեց, ինչը ցույց է տալիս միջնորդների դիրքորոշումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Շառլ Միշելն իր խոսքում չհստակեցրեց՝ արդյոք Ալիևը հրաժարվել է «Զագեզուրի միջանցքի» գաղափարից։

«Ինչ վերաբերում է միջանցքային տրամաբանությանը, այս անգամ, համենայն դեպս, դա ընդհանրապես չի հնչել, ինչը նշանակում է, որ մեր գործընկերներն այլևս չեն օգտագործում այդ եզրույթը և արդեն ակնհայտ էր, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները», - ասաց Հովհաննիսյանը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք, ինչպես նշվում է, կողմերի դիրքորոշումները մոտ են տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում և ինչ շինաշխատանքների մասին է խոսք գնում՝ ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ այդ ճանապարհների հարցը հայկական կողմի կարմիր գծերից մեկն է, ուստի մինչ դրանց մասով ժամկետներից խոսելը դեռ պարզելու հարցեր կան։

«Խոսքը երկաթուղու մասին է։ Այն պետք է գործի միայն ՀՀ օրենսդրության իրավասության տակ։ Այդ հարցի վերաբերյալ ստույգ երաշխիքներ ստանալուց հետո նոր կարող ենք խոսել շինարարական և այլ աշխատանքների մասին», - հավելեց նա։

Պատասխանելով այն հացրին, թե ինչ նկատի ուներ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ հայտարարելով, որ հայկական զորքերը եւս մեկ-երկու տեղերում գտնվում են Ադրբեջանի տարածքում, Հովհաննիսյանը նշել է. «Ինձ համար էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը։ Հավանաբար, խոսքը Ղարաբաղյան առաջին պատերազմի մասին է։ Պետք է նայել այս տեսակետից։ Դժվարանում եմ ասել, թե ինչի մասին է խոսքը։ Դա ընդունված ձեւաչափ է. հանդես գալ երկու կողմին  հասցեական հայտարարություններով։ Բայց բոլորի համար ակնհայտ է, որ այդ շրջանում խոսքը զորքերի (ադրբեջանական- խմբ.) դուրսբերման մասին է Հայաստանի տարածքից։ Այս մասին խոսել են ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ այլ գործընկերներ։ Կարծում եմ, բոլորին ակնհայտ է, թե ինչի մասին էր խոսքը»։

Հարցին, որ եթե հավասարության նշան է դրվում կողմերի միջեւ, արդյոք դա չի հանգեցնի փակուղու, ՀՀ փոխարտգործնախարարը պատասխանել է. «Գործընկերները հադես են գալիս թե՛ հասցեական հայտարարություններով, թե՛ երկու կողմերին ուղղված հայտարարություններով, որպեսզի, ինչպես իրենք են ասում, շփումներ պահպանեն նաեւ մյուս կողմի հետ։ Ուստի իրավիճակը նույնը չէ, ինչ մեկ-երկու տարի առաջ»։

  • Կիսվել: