երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ն ամենատարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրագործված հանցանքների մասին. Պարույր Հովհաննիսյան

ՀՀ-ն ամենատարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրագործված հանցանքների մասին. Պարույր Հովհաննիսյան

Ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայաստանի Հանրապետությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցային հարթակներում ակտիվորեն աջակցում է հիշատակված հանցանքների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված միջոցառումներին, ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզների հետագա մշակման գործընթացներին: 

Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ ապրիլի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված՝ «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձևը, ինչպես նաև մեր երկրի այլ նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու, մարդու իրավունքների կոպիտ խախտումների ժամանակակից մարտահրավերները հասցեագրելու ուղղությամբ:

«Հայաստանը տարիներ շարունակ բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրագործված հանցանքների մասին ամենատարբեր միջազգային հարթակներում: 2018-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարությունը: Հիշատակված հայտարարության ընդունումը պայմանավորված է եղել եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունը որպես ցեղասպանություն որակելու, ինչպես նաև նման ծանր հանցագործությունները կանխարգելելու, մեղավորներին պատժելու և զոհերին հատուցում տրամադրելու խնդրի աջակցման կարևորությամբ:

Հատկանշական է,որ Իրաքի Հանրապետությունը 2021 թվականի մարտին ընդունված օրենքով եզդի վերապրածների մասին օրենք ճանաչել է «Եզդիների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը և ամրագրել է օգոստոսի 3-ը՝ որպես Հիշատակի օր: Սույն նախագծի ընդունումը և 2014-ի օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության օր ճանաչելու նախաձեռնությունը կարևոր քայլ է հիշյալ հարցում Հայաստանի կողմից վարվող սկզբունքային քաղաքականությունը և մոտեցումները ևս մեկ անգամ արտահայտելու, հայ-եզդիական բարեկամական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև եզդի ժողովրդին աջակցություն հայտնելու համատեքստում»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

  • Կիսվել: