շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեր երկրի առաջնորդները երբեք չեն հեռանում իշխանությունից. Թևան Պողոսյան

Մեր երկրի առաջնորդները երբեք չեն հեռանում իշխանությունից. Թևան Պողոսյան

Մեր երկրի առաջնորդները երբեք չեն հեռանում իշխանությունից։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն այս մասին գրել է իր էջում։

Նա , մասնավորապես, նշել է․

«Չգիտեմ, թե ինչպես կարելի է բացատրել այս երևույթը։ Չե՞ն կարողանում, չե՞ն ցանկանում, կամ միգուցե մե՞նք չենք թողնում։

Իսկապես, կարծես այդ հենց մենք ենք, որ հայացքներս անցյալից չկտրելով, ակամա պահանջում ենք, որ ապագան դոփի տեղում: Չէ՞ որ երբ դու անցյալն անընդմեջ ներկա ես բերում, նա էլ քաշում է ապագայի ոտքից ու հետ բերում ներկա: Անընդմեջ փորում ենք, պարսավում, գովում, նեղացնում ու ստանում ենք պաշտպանություն, հակահարված, «մի հատ ձեր ներկային նայեք» տիպի արձագանք: Ու տեղապտույտ:

 

Եվ ոչ մեկը չի ուզում ու չի էլ կարողանում հեռանալ քաղաքականությունից, որ դառնա պետական գործիչ ու խորհուրդներով և գործերով օգնի ապագայի կերտմանը:

Տպավորություն է, թե երկրում կա իշխանության 4 բևեռ ու պարբերական հաջողություններով անպտուղ ձեռնամարտ: Որովհետև 3-ին չենք տվել իրենց արժանի պատմության բարձրունքը ու անընդմեջ ներքաշում ենք մարտի: Տխուր պատկեր է ինձ համար:

Ես ուրախ եմ, որ նորացված Սահմանադրությամբ երկրի գլուխն այլևս քաղաքականությամբ չպետք է զբաղվի, իսկ ներկայում դրվում են այս սկզբունքի իրականացման շատ գեղեցիկ հիմքերը: Հուսով եմ` սա ապագայում բան կփոխի:

 

Ինչպես միշտ` ես շնորհակալ եմ իմ երկրի բոլոր նախկին, ներկա ու ապագա առաջնորդներին: Ես գիտեմ, որ, անկախ սխալներից, նրանք բոլորը մեծ հայրենասերներ են ու կլինեն և հաստատ շատ ավելի շատ դրականն են արել, անում ու կանեն, քան սխալներն են:

Ու խնդրում եմ` եկեք բոլորս միասին գնանք դեպի ապագա:

Այսքանը»։

  • Կիսվել: