ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեքենաների տեխզննման կտրոն այլևս չի լինելու, վերահսկողությունը կատարվելու է էլեկտրոնային եղանակով․ Կառավարության առաջարկը ԱԺ-ում է

Մեքենաների տեխզննման կտրոն այլևս չի լինելու, վերահսկողությունը կատարվելու է էլեկտրոնային եղանակով․ Կառավարության առաջարկը ԱԺ-ում է

Հայաստանի կառավարությունը ճնապարհային երթևեկությանը վերաբերող նախագծերի փաթեթ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողով, որոնցով այլևս պարտադիր չեն համարվելու տեխզննման կտրոնները։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ գործող տեխզննման կտրոնի փոխարեն։ Այսինքն՝ տեխնիկական զննության կտրոնը պարտադիր չի լինելու։

Ախատորոշման քարտը, ըստ փոխնախարարի, լրացվում է  էլեկտրոնային եղանակով ու պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչի հիման վրա ՃՈ-ն կարող է առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ստուգել դրա տեխնիկական վիճակը։ «Տեխզննման որևէ կտրոն այլևս չի լինելու, քանի որ ներդրվում է էլեկտրոնային շտեմարան, և վերահսկողությունը իրականացվելու է էլեկտրոնային եղանակով», - հավելեց փոխնախարարը։

Փոխնախարարի ներկայացմամբ, փոխվել է նաև տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը և առաջարկվում է տեխնիկական առաջին զննությունն անցկացնել թողարկման չորրորդ տարում, մինչև թողարկման տասը տարին՝ երկու տարին մեկ անգամ, իսկ տաս տարեկանից բարձր մեքենաները տեխզննություն կանցնեն տարեկան մեկ անգամ պարբերականությամբ։

Տեխնիկական զննություն չանցած տրանսպորտ վարելու համար սահմանվում է վարչական պատասխանատվություն։

  • Կիսվել: