կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեքենաներ ձեռք են բերվել 2018-ին, ոչ թե իմ ընտանիքի անդամների համար, այլ նրանց անվտանգությունն ապահովելու համար. Վարչապետ

Մեքենաներ ձեռք են բերվել 2018-ին, ոչ թե իմ ընտանիքի անդամների համար, այլ նրանց անվտանգությունն ապահովելու համար. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստերը՝ Մարիամ Փաշինյանին մեքենա տրամադրելու մասին սուր քննադատությունները Փաշինյանին ստիպել էին այսօր ուղիղ եթերով հանրությանը բացատրել՝ ինչու է այդպես արվել:

«Օրենքով սահմանված է, որ վարչապետի ընտանիքն ունենա տրանսպորտային փոխադրամիջոց: Այն մեքենան, որով ես եմ շրջում, իմը չի: Դա պետական պահպանության ծառայությանն է, որը դա օգտագործում է վարչապետի անվտանգությունն ապահովելու համար: Իսկ վարչապետի անվտանգությունը պահպանում են, որովհետև այդպես սահմանված է օրենքով»,- ուղիղ եթերում հայտարարեց Փաշինյանը:

Նա աբսուրդ է որակում այն խոսակցությունները, որ իբր Պետական պահպանության ծառայությունը վարչապետի ընտանիքի որևէ անդամի համար մեքենա է գնել:

«Երբ Մարիամը վերջերս վարորդական վկայական ձեռք բերեց մեր ունեցած Նիսան քաշքայով էր շրջում քաղաքում անվտանգության մեքենան նրա հետևից էր շրջում: Ստացվում էր, որ վարչապետի ընտանիքի անդամը շարասյունով է շրջում քաղաքում: Դրա համար նա այդ տհաճությունից հրաժարվելու համար դադարեցրեց այդպես շրջել ու ստիպված էր շրջել անվտանգության ծառայողների մեքենայով», -ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է նոր մեքենա գնելու մասին խոսակցություններին, վարչապետն ասաց, որ այդ մասին տեղեկությունն ստանալուց հետո անձամբ է զանգահարել ՊՊԾ պետի պաշտոնակատարին ու հետաքրքրվել՝ 2019-ին մեքենա ձեռք բերվե՞լ է, թե չի բերվել և բացասական պատասխան է ստացել:

«Ինձ ասացին, որ նոր մեքենա ձեռք չի բերվել և դրանք այն մեքենաներն են, որոնք նախատեսված են եղել վարչապետի ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար: Հետո ինձ մոտ հարց ծագեց՝ իսկ նախկինում մեքենաներ ձեռք բերվե՞լ են: Պարզվեց, այո, մեքենաներ ձեռք են բերվել 2018-ին, դրանք ձեռք չեն բերվել իմ ընտանիքի անդամների համար, այլ դրանք ձեռք են բերվել իմ ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու համար, ՊՊԾ համար», -նշեց Փաշինյանը:

Նա ասաց նաև, որ օրենքով պետական պահպանության տակ գտնվող անձանց թիվը ավելացել է և անվտանգությունից հրաժարվելու իրավունք այդ անձինք չունեն:

  • Կիսվել: