Մենք վճռական ենք մեր ջանքերը գործադրելու՝ խաղաղ եւ անվտանգ տարածաշրջանում ապրելու համար․ Հակոբ Արշակյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
«Նախևառաջ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Լաոսին՝ որպես ԱՍԵԱՆ-ի նախագահող երկրի, ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի տիկին գլխավոր քարտուղարին, ինչպես նաեւ բոլոր անդամ պետություններին՝ այսօր այս հեղինակավոր լսարանի առաջ հանդես գալու հնարավորության համար:
Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ՝ որպես Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար:
2023 թվականի օգոստոսին Հայաստանի Ազգային ժողովը դիտորդի կարգավիճակ ստացավ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովում: Սա ընդգծում է Հայաստանի նպատակադրությունը՝ ընդլայնելու եւ խորացնելու խորհրդարանական կապերն ԱՍԵԱՆ-ի երկրների հետ: Այս նպատակով Հայաստանի Ազգային ժողովում գործում են ԱՍԵԱՆ-ի խորհրդարանների հետ բարեկամության խմբեր: Մենք արդյունավետ համագործակցում ենք նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Օգտվելով այս հնարավորությունից՝ կցանկանայի նաեւ կարճ ներկայացնել մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները:
Բանակցությունների ընթացքում Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին Պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների վրա:
Տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն խթանելու պարտավորությունների շրջանակում Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը Միջին միջանցքի մի մասն է կազմում՝ կապելով Արեւելքն Արեւմուտքի, Հարավը Հյուսիսի հետ: Ծրագրի հիմնական էությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու զարգացումն է՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների վրա՝ բոլոր կողմերի համար ապահովելով բարեկեցիկ ապագա:
Տարիներ տեւած բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են հիմնականում համաձայնության գալ «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախագծի շուրջ: Հայկական կողմն առաջարկել է Ադրբեջանին ստորագրել փաստաթղթի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները՝ այդպիսով ստեղծելով նպաստավոր միջավայր առաջ շարժվելու համար եւ շարունակել քննարկումները համաձայնագրի մնացած դրույթների ուղղությամբ: Հույս ունեմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ:
Մենք վճռական ենք մեր ջանքերը գործադրելու՝ խաղաղ եւ անվտանգ տարածաշրջանում ապրելու համար՝ զերծ ագրեսիայից, ատելության խոսքից եւ սպառնալիքներից:
Դրան կարելի է հասնել, երբ յուրաքանչյուր կողմ իր ներդրումն ունենա կայունություն եւ ներդաշնակություն ստեղծելու գործում»: