հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մենք ունենք ժողովրդավարությունից այնպիսի նահանջ, որը տանում է դեպի բռնապետություն. Վարդևանյան

Մենք ունենք ժողովրդավարությունից այնպիսի նահանջ, որը տանում է դեպի բռնապետություն. Վարդևանյան

Բոլորովին վերջերս այսպես կոչված միջազգային հանրահայտ կազմակերպությունները, ինչպիսին են թե՛ Freedom House-ը, թե՛ Amnesty International-ը, բնութագրելով իրավական գործընթացները Հայաստանում, նշել են դրանց քաղաքականացվածությունն ու իշխանության միջամտությունը։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Ի՞նչ Հայաստանի համար ենք պայքարում՛՛ թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Նա նշեց, որ ՛՛քաղաքական հետապնդումներ՛՛ տերմինն արդեն իսկ արձանագրված է նման հարթակներում։ ՛՛Հետեւաբար, եթե մենք օգտագործում ենք տերմինը, կարելի է ասել, որ մենք ունենք ժողովրդավարությունից այնպիսի նահանջ, որը տանում է դեպի բռնապետություն՛՛,-տեսակետ հայտնեց պատգամավորը:

՛՛Սկսած այն պահից, երբ դատական իշխանությունը մեզ մոտ վերածվում է ոչ թե անկախ մարմնի, այլ մարմնի, որը սպասարկում է օրվա իշխանության, գործադիր իշխանության կամքը, մեզ մոտ արձանագրվում է այդպիսի նահանջ ժողովրդավարության տեսանկյունից՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ նման խնդիր եղել է նաեւ նախկինում: ՛՛Դատական համակարգը զարգացել է էվոլյուցիոն ճանապարհով, բայց բավարար չի զարգացել՛՛,-ասաց Վարդեւանյանը։

Նրա խոսքով՝ օրվա իշխանությունն ուներ դատական իշխանության վերջնական կայացման հասնելու հնարավորություն, բայց տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, որոնք ջրբաժան դարձան այդ ճանապարհին։

Պատգամավորը նաեւ հավելեց. ՛՛Հանուն արդարության պետք է ասեմ, որ 2018-ից մինչեւ 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ակնհայտ էր, որ բացառությամբ որոշ ամենաաղմկահարույց գործերի, որտեղ միայն քաղաքական բաղադրիչն էր, այլ ոչ իրավականը, փաստաբանական համայնքը, որի ներկայացուցիչը եղել եմ նաեւ ես, բավական դրական դինամիկա տեսնում էր դատական համակարգում, որովհետեւ իսկապես այդ ազդակները տրվում էին դեպի դատական համակարգի անկախություն։

Բայց դրանք բոլորը վերացվեցին հատկապես նոյեմբերի 9-ից հետո, որովհետեւ նոյեմբերի 9-ը մեզ համար հիշվելու է ոչ թե որպես ամենածար, ամենաողբերգական օրերից մեկը, պարտության օրերից մեկը, այլ որպես մի ժամանակաշրջան, որտեղ փոխվել է մեր պետականության հունը, որովհետեւ օրվա իշխանությունները դա դիտարկեցին որպես մի ջրբաժան, որի ժամանակ մնացած ամեն ինչ կարեւոր չէ, կարեւոր է միայն իրենց իշխանությունը ամեն գնով պահելը՛՛:

  • Կիսվել: