Մենք փորձում ենք մեր ուղղվածությունը, աշխարհաքաղաքական վեկտորը փոխել դեպի այն կենտրոն, որն ակնհայտ թուլանում է, և հեռանում ենք այն վեկտորից, որն ակնհայտ ուժեղանում է.Քոչարյան
Այսօր Հայաստանն Արցախի հարցում իր երրորդ՝ ամենամեծ սխալն է գործում, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ակնհայտ է, որ աշխարհակարգ է փոխվում, և այդ ժամանակ ազդեցության ոլորտներն ու քարտեզներն էլ են փոխվում։ Այդպես եղավ Սովետական Միությունը փոխվելուց հետո։ Հայաստանը որոշեց, որ սա ամենահարմար պահն է աշխարհաքաղաքական վեկտորը փոփոխելու համար։ Մենք տեսնում ենք օրեր առաջ ԱԺ-ում համապատասխան քննարկումները։ ԱՄՆ-ն այսօր ընդունում է, որ աշխարհը գնում է ոչ թե բազմաբևեռության, այլ աշխարհն արդեն բազմաբևեռ է։ Նշանակում է, որ մենք մտել ենք մի անկայունության փուլ և դա շարունակվելու է, մինչև նոր հավասարակշռության փուլ։ Իսկ ի՞նչ է ասում այստեղ Հայաստանը։ Ասում է՝ փոխում եմ իմ աշխարհաքաղաքական վեկտորը»,-նկատեց նա։
Նախագահ Քոչարյանը պնդում է՝ այդ ամենի համար սա ամենավտանգավոր պահն է.«Մենք փորձում ենք մեր ուղղվածությունը, աշխարհաքաղաքական վեկտորը փոխել դեպի այն կենտրոն, որն ակնհայտ թուլանում է, և հեռանում ենք այն վեկտորից, որն ակնհայտ ուժեղանում է։ Թե այստեղ ինչ տրամաբանություն է աշխատում, ես չգիտեմ։ Ամենից անհարմար պահ է նման բաների համար։ Հմուտ նավապետը փոթորկից առաջ իր փոքրիկ նավը չի հանում օվկիանոս, սպասում է, երբ կհանդարտվի, որից հետո նոր հանում է։ Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում և չհասկանալով՝ քայլեր են ձեռնարկում, որը վտանգում է ՀՀ-ն։ Ես չգիտեմ, թե մարմնի որ մասով են մտածում»։