հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք պատրաստել ենք հայտարարության տեքստ, որի համաձայն՝ քարոզարշավի ընթացքում ատելության խոսք չի օգտագործվելու. Մարուքյան

Մենք պատրաստել ենք հայտարարության տեքստ, որի համաձայն՝ քարոզարշավի ընթացքում ատելության խոսք չի օգտագործվելու. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քաղաքական ուժերին կոչ է անում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զերծ մնալ ատելության և սպառնալիքի խոսքի տարածումից: Այս մասին Մարուքյանն ասաց ԱԺ հատուկ նիստի ընթացքում, վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ:

«Մենք պատրաստել ենք հայտարարության տեքստ, որի համաձայն՝ քարոզարշավի ընթացքում ատելության խոսք չի օգտագործվելու: Այն ուժերը, որ կմիանան այդ տեքստին, հանձնառություն կստանձնեն, որ քարոզարշավի ընթացքում զերծ կլինեն ատելության, սպառնալիքի խոսքից: Տեքստը կհրապարակենք»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակում խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացը ճիշտ է և այլընտրանք չունի:

«Այն օրը, երբ հայտարարվեց, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդ պահից Հայաստանի ներքաղաքական կյանքը խաղաղվեց: Այդ խաղաղությունը հարաբերական է, սակայն արտահերթ ընտրությունների հետ կապված ուղերձն այն է, որ բոլորով գնում ենք ընտրության, որպեսզի տեսնենք, թե ՀՀ քաղաքացիներն ինչ են որոշելու: Իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ես համոզված եմ, որ ճիշտ ենք արել, համոզված եմ, որ սա անայլընտրանք գործընթաց է»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

  • Կիսվել: