ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք ոչ թե մեր իշխանությունից կամ աթոռներից էինք կառչած, այլ մենք պահում էինք ժողովրդին պատկանող իշխանությունը. Փաշինյան

Մենք ոչ թե մեր իշխանությունից կամ աթոռներից էինք կառչած, այլ մենք պահում էինք ժողովրդին պատկանող իշխանությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երկրում արտահերթ ընտրություններ են անցկացնում մեկ նպատակով՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում են, որ կրկին ժողովուրդը որոշի, թե հետո ում պատվիրակի այն:  Փաշինյանն այս մասին ասաց Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Ռինդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ նոյեմբերից շատ բարդ էր իրավիճակը: «Բայց մեզ ասում էին՝ կառչած եք իշխանությունից: Ես պետք է ուղիղ ասեմ՝ մենք ոչ թե մեր իշխանությունից կամ աթոռներից էինք կառչած, այլ մենք պահում էինք ժողովրդին պատկանող իշխանությունը, քանի որ մենք գիտեինք, որ ձեզնից ենք ստացել այդ իշխանությունը և իրավունք չունենք այն առաջին պատահածին հանձնելու»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ 2021-ի հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ մեկ նպատակով: «Մենք ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ձեզ, դուք կորոշեք հետո ում վերադարձնեք, պատվիրակեք իշխանությունը: Բայց Հայաստանում ժողովրդի իշխանությունը պետք է լինի անառարկելի»,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ ժողովուրդն է բարձրագույն իշխանությունը:

  • Կիսվել: