երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մենք մեր գործողություններով երբեք չենք փորձել և միտում չենք ունեցել տարանջատելու հասարակությանը․ Մակունց

Մենք մեր գործողություններով երբեք չենք փորձել և միտում չենք ունեցել տարանջատելու հասարակությանը․ Մակունց

Եթե ոմանք մեկնաբանում են այն որպես քաղաքական ակցիա, ես կարծում եմ՝ դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով: Սա է իմ մեկնաբանությունը՝ Սյունիքում կատարվածի վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին՝ արդյոք այդ մարդկանց թվում չկայի՞ն դժգոհ քաղաքացիներ, Մակունցը նշեց, որ «դժգոհելու առիթ միշտ կա և դժգոհելու առիթ լինելու է բոլոր իշխանությունների պարագայում, սակայն այստեղ հարցն այլ է»:

«Կա որոշակի միտում՝ Հայաստանի Հանրապետությունը բաժանելու մասերի, և դա նկատվում է, այո՛, առանձին խմբակների կողմից, որը, իհարկե, չի կարող ընդունելի լինել որևէ երկրի ղեկավարության և իրավապահ համակարգի կողմից»,- հավելեց Մակունցը:

Լրագրողների հարցին՝ ովքե՞ր են երկիրը միտումնավոր փորձում մասերի բաժանել՝ պատասխանեց՝ չի կարող անուններ հնչեցնել, որովհետև չգիտի, բայց հետևելով իրադարձություններին և տեսնելով  ծավալվող գործողությունները, տպավորություն ունի, որ դրանք ուղղորդված են: 

«Մենք մեր գործողություններով երբեք չենք փորձել և միտում չենք ունեցել տարանջատելու հասարակությանը, և դա է պատճառը, որ 2018 թ. մայիսից եղել են հայտարարություններ և գործողություններ, որոնք միտված են եղել հնարավորություն տալու դաշտում բոլորին թե՛ ինքնադրսևորվելու, թե՛ տալու հնարավորություն իրենց պաշտոնական և մասնագիտական գործունեությունում ունենալու ՀՀ շահերին սպասարկող վարքագիծ»,- ասաց Մակունցը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների գործողությունները վերջին ամիսներին որևէ կերպ չեն մղել քաղաքացիներին, քաղաքական ու հասարակական խմբերին ձեռնարկելու նման գործողություններ:

  • Կիսվել: