ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մենք կեղծ օրակարգեր չենք քննարկում. «Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին

Մենք կեղծ օրակարգեր չենք քննարկում. «Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին

«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու՝ հունվարի 21-ին հրավիրվող արտահերթ նիստին: Այս մասին խմբակցությունը հայտարարություն է տարածել:

«Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ «Հանրապետություն»խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու հունվարի 21-ին հրավիրվող արտահերթ նիստին։ 

Մենք, հասարակությունը բևեռացնող և Երևանի զարգացմանը խոչընդոտող կեղծ օրակարգեր, չենք քննարկում։ Մենք հասկանում ենք, որ տրանսպորտային միասնական համակարգի յուրացման հարցում ամեն օր բոլորս բախվում ենք տարբեր խնդիրների: Շնորհակալ ենք ձեր բարձրացրած հարցերի համար, որոնք քաղաքային իշխանությունը քննարկում է ու լուծումներ գտնում։ 

Մենք պետք է ունենանք 21-րդ դարի զարգացած մայրաքաղաքին համապատասխան տրանսպորտային համակարգ: Մեր նպատակը հստակ ժամանակացույցով աշխատող, կահավորված կանգառատեղիներով, վարորդների աշխատանքի նպաստավոր պայմաններով համակարգ ստեղծելն է: 

Այո, սկզբում բարդություններ են լինելու ու ժամանակավոր դժվարություններ: Նոր համակարգ է ներդրվում, որին պետք է տիրապետել ու ընտելանալ: Պատրաստ ենք քննարկել Երևանի զարգացման ու երևանցիների խնդիրները լուծելուն ուղղված բոլոր առաջարկները, որոնք քաղաքական շահարկման առարկա չեն: 

Շնորհակալ ենք երևանցիներին՝ ըմբռնումի ու պատրաստակամության համար»։

Նշենք, որ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին քննարկվելու է փետրվարից տրանսպորտի թանկացման հարցը:

  • Կիսվել: