կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ․ Քոչարյան

Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ․ Քոչարյան

Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերները հիմնականում կապված մեր անվտանգության սպառնալիքների հետ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» քաղաքական համագործակցությանը նվիրված միջոցառմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

«Երկիրն ունի կառավարման ու տնտեսական ճգնաժամեր, երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամ, և պետք են ուժեր, մարդիկ, որոնք բավարար փորձ ունեն՝ այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար։ Ինչո՞ւ ես՝ ունեմ կառավարման մեծ փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում, ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում, և, ինչպես տեսնում եք, ներկա վտանգները  և կուտակած փորձն ու գիտելիքները գրեթե համընկնում են»,-ասաց նա, ապա պարզաբանեց ՀՅԴ-ի ընտրությունը․

«Սա այն կուսակցությունն է, որ աշխարհով մեկ պայքարել է և պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ։ ՀՅԴ-ն եղել է կառավարության անդամ իմ նախագահության տարիներին, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր։ Փորձն արդյունավետ է, արդյունքները կան, և բոլորդ դրանց ականատեսն եք եղել»,-ասաց նա, ապա անդրադարձավ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։

«Այն  ծնվել է Սյունիքում և հիմա տարածվում է Հայաստանի Հանրապետությունում մեկ, որովհետև Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է ՀՀ-ի համար, Սյունիքից է կախված՝ մենք մնալո՞ւ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք որպես կցորդ։ Այստեղ վտանգները լուրջ են։ Սյունիքն՝ այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է»,– ասաց նա։

Թե ինչու պետք է այս իշխանությունը հեռանա, Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց, թե այն մեր պարտության խորհրդանիշն է, դեմքը, ձայնը։ «Այսպիսի դեմքով, ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագա, կառուցել այդ ապագան։ Այս իշխանությունը մեղավոր է 5000 զոհերի, 11 000 վիրավորների և 35 000 անօթևանների համար, այս իշխանությունը բերում է մահ, տառապանք և ավերում է այն, ինչին դիպչում է»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Ըստ նրա՝ դավաճանության և Արցախի վաճառքի հիմնավոր կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, ինչքան այս մարդիկ մնան իշխանության։ «Միայն իշխանափոխությունից հետո հնարավոր է լինելու պատասխանել մի շարք չափազանց կարևոր հարցերի»,-ասաց նա՝ նշելով, որ այս իշխանությունը հետևողականորեն քանդում է երկրի տնտեսությունը։

«Խոստացել են թռիչքաձև աճ, ապահովել են թռիչքաձև անկում։ Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, արտաքին պարտքը՝ 2 մլրդ դոլարով, ներդրումները գրեթե զրոյացել են։ Այս երեք տարում աճել է միայն աղքատությունն ու գերեզմանների քանակը»,- ասաց նա՝ նշելով, թե նրանք չեն կատարել նախընտրական ոչ մի խոստում։

Անդրադառնալով իրենց անելիքներին՝ իշխանության գալու դեպքում, Քոչարյանն ասաց, թե առաջին հերթին պետք է գնահատվի երկրին հասցված վնասի ծավալը՝ բոլոր ոլորտներում, որից հետո հակաճգնաժամային քայլեր կատարվեն՝ կանգնեցնելու անվտանգության և պետական կառավարման հետագա դեգրադացիան։

«Դատարկ խոստումներ չենք տալու, մեր հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը։ Մենք առաջարկելու ենք աշխատող երկրի կոնցեպտը, երկիրը վերածելու ենք շինհրապարակի, առաջնային խնդիր է դառնալու տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծումն ամեն տարի, վերանալու են ասֆալտին փռելու տեսարանները, ունենալու ենք գիտահեն տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն»,-ասաց նա՝ նշելով, թե սուտը բացառվելու է պետական համակարգում։

«Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել։ Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ, մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն և բարգավաճում, վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու»,-հայտարարեց նա։

  • Կիսվել: