երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք գնահատում ենք միջազգային գործընկերների ուղերձները, որոնց նպատակն է՝ վերականգնել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը․ Միրզոյանը՝ Արգենտինայի նախագահին

Մենք գնահատում ենք միջազգային գործընկերների ուղերձները, որոնց նպատակն է՝ վերականգնել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը․ Միրզոյանը՝ Արգենտինայի նախագահին

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի՝ Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ արված հայտարարության առնչությամ X-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում իսպաներեն գրառում է կատարել  և շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում Ալբերտո Ֆերնանդեսին Նյու Դելիում G20–ի գագաթնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը բարձրաձայնելու համար։ Մենք գնահատում ենք միջազգային գործընկերների ուղերձները, որոնց նպատակն է՝ վերականգնել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը»։

Պաշտոնական Բաքվից առայժմ չեն մեկնաբանել Արգենտինայի նախագահի անդրադարձը։

Հիշեցնենք, որ Արգենտինայի առաջնորդը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։

«Այն ժամանակ, երբ պատերազմ է ընթանում Արևելյան Եվրոպայում, շատանում են դաժան հակամարտությունները, որոնք ավելի քիչ հանրային ուշադրության են արժանանում, բայց նույնքան ցավոտ են․ այդպիսին է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որն առաջացնում է մարդասիրական ճգնաժամ, որի նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է: Արգենտինան վերահաստատում է իր հավատարմությունը բազմակողմանիությանը` որպես միջազգային փոխըմբռնման գերագույն մեթոդի», - հայտարարել է Ֆերնանդեսը:

  • Կիսվել: