ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք երաշխավորում ենք կառուցել ուժեղ Հայաստան, մենք դա մի անգամ արդեն արել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ․ Իշխան Սաղաթելյան

Մենք երաշխավորում ենք կառուցել ուժեղ Հայաստան, մենք դա մի անգամ արդեն արել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ․ Իշխան Սաղաթելյան

Այսօր մեր հաղթանակի, Շուշիի ազատագրման օրն է, սակայն այդքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակը խլվել է մեզնից: Հազարավոր նվիրյալների կյանքի գնով ազատագրված հայրենիքը կրկին հայտնվել է գերության մեջ, խոցված է մեր արժանապատվությունը, մեզ փորձում են կոտրել ու ոչնչացնել: Այս մասին այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» քաղաքական համագործակցությանը նվիրված միջոցառման ժամանակ ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այսօր հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահերից մեկն է, համակողմանի ճգնաժամի մեջ ենք, մենք շարունակում ենք մեր պայքարն ընդդեմ ստի, ամբոխավարության ու ապաշնորհության, երեք տարի շարունակ սրանց կողմից ներազգային ատելության սերմանումը, բաժանարար գծերի անցկացումը բերեցին հազարավոր զոհեր, կորուստներ ու պարտություն, ուստի մենք վերահաստատում ենք ուղիղ վեց ամիս առաջ սկսված մեր պայքարի հաղթական ավարտի անհրաժեշտությունը: Պարտության մարմնացում, հողին ու հային դավաճանած չարիքի իշխանությունը պետք է հեռացվի, մենք դա անելու ենք, անելու ենք միասին՝ հանուն Հայաստանի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանի հավաստմամբ՝ առաջիկա ընտրությունները սովորական չեն, այլ հայ ժողովրդի կյանքի ամենապատասխանատու ու ճակատագրական ընտրությունն են, ըստ Սաղաթելյանի՝ սա ընտրություն է ազգայինի ու ազգադավի, արժանապատվության ու ստրկամտության, աշխատանքի ու ձրիակերության միջև. «Ի վերջո, սա պետություն ունենալ-չունենալու ընտրություն է»:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք ժողովրդին ներկայանում են հաղթանակներ կերտած, փորձով ու գիտելիքով, ճգնաժամեր հաղթահարած, պետության կառուցման գործում հաջողած, արժանապատվությամբ օժտված հավաքականությամբ.«Մենք հրաշքներ չենք խոստանում, բայց երաշխավորում ենք քրտնաջան աշխատանքով արագ երկիրը դուրս բերել այս վիճակից ու կառուցել ուժեղ Հայաստան, մենք դա մի անգամ արդեն արել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, պատրաստ ենք անել նաև հիմա՝ հանուն Հայաստանի, հանուն հայության, հանուն ներկայի ու ապագայի, մենք չենք հաշտվելու պարտության հետ»:

  • Կիսվել: