շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մենք էլ չգիտենք, թե մեր խմբակցությունում ով ինչ սեռական կողմնորոշում ունի. ՔՊ-ական պատգամավոր

Մենք էլ չգիտենք, թե մեր խմբակցությունում ով ինչ սեռական կողմնորոշում ունի. ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շատ վտանգավոր է համարում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի  հայտարարությունը, որ իրենք չեն պաշտպանի այն մարդկանց, ովքեր նույն սեռի զուգընկեր են ընտրում:
 
«Դուք այս ամբիոնից ասում եք` եթե մարդն ավանդական սեռական կողմնորոշում չունի, կարելի է իրեն ծեծել, բռնություն գործադրել»,- ԱԺ-ում ասաց Հակոբյանը:
 
Ըստ նրա` ոչ մեկ չգիտի, թե իր կողքինն ինչ կողմնորոշում ունի: «Պարոն Նազարյան, դուք չգիտեք, թե ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի, ձեր կողքը նստած պատգամավորներն ինչ կողմնորոշում ունեն»,- ասաց Հասմիկ Հակոբյանը:
 
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանին դուր չեկավ այս արտահայտությունը: «Կարգի հրավիրեք»,- ասաց նա:

Հասմիկ Հակոբյանն էլ ասաց. «Պարոն Խաչատրյան, մենք էլ չգիտենք, թե մեր խմբակցությունում ով ինչ կողմնորոշում ունի, պետք չէ այստեղից լեգիտիմացնել բռնությունը ու մեսիջ հղել, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին կարելի է ցխել»,- ասաց ՔՊ-ականը:
 
Նշենք, որ քննարկվում էր ՔՊ-ական կին պատգամավորների` Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: 
Ըստ այդ նախագծի` արգելվում է կուսության ստուգումը։ Նաև` ընտանիքի սահմանումն ընդլայնված է ու ավելացել են զուգընկեր և զուգընկերուհի հասկացությունները: 
 
ՔՊ-ականների գնահատմամբ` oրենսդրական արգելքը ֆիզիկական բռնության մասին է, իսկ կուսության ստուգումը, ըստ նրանց, նույնպես ներառվում է ֆիզիկական բռնության մեջ։ 
 
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 63կողմ, 32 դեմ , 1 ձեռնպահ ձայն:

  • Կիսվել: