հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ինչի՞ց էիք վախենում, երբ ձեր գործընկերոջ հոգեհանգստին չէիք մասնակցում. Հասմիկ Հակոբյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Ինչի՞ց էիք վախենում, երբ ձեր գործընկերոջ հոգեհանգստին չէիք մասնակցում. Հասմիկ Հակոբյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր իր ելույթի ժամանակ խորհրդարանական ընդդիմությանը հարց ուղղեց, թե ինչո՞ւ են նիստին ներկայացել 15 րոպե ուշացումով։

Նա նախ ընթերցեց վախի սահմանումը․ «Եթե երեխաների մոտ վախի վտանգը կամ սպառնալիքը ուղեկցվում է ֆիզիկական անհարմարավետությամբ, ապա ավելի հասուն տարիքում մարդուն անհանգստացնում է այն, ինչը կարող է ճնշել նրա ինքնասիրությունը, ինքնագնահատականը։ Հիմա ուզում եմ մեր ընդդիմությունից հարցնել՝ ի՞նչից էիք վախենում, վախենում էիք ձեր ինքնասիրության ճնշումի՞ց, անհաջողությունի՞ց, թե՞ երեխաների նման ֆիզիկական անհարմարավետություն էիք զգում, երբ ձեր գործընկերոջ հոգեհանգստին չէիք մասնակցում, ԱԺ-ում տեղադրված «Սգո» մատյանում գրանցում չէիք անում»։

Հակոբյանը նաև նկատեց՝ ընդդիմությունն այսօրվա նիստին էլ 15 րոպե ուշ է եկել, քանի որ գիտեին, որ նիստը սկսվելու է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի։

«Ձեզնից շատերը պարոն Խաչատրյանի հետ անցած ճանապարհ ունեն, և ինձ համար անընդունելի է նման պահվածքը։ Հիմա դուք ԱԺ-ում եք, բայց վախենում եք, որ բացակայություն կստանաք քվեարկությունից, որը քիչ հետո լինելու է»,- ասաց նա։

  • Կիսվել: