հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մենք չենք կարող միևնույն տնտեսական միության մեջ Ադրբեջանի հետ գտնվել, քանի դեռ հակամարտության վերաբերյալ մենք չունենք վերջնական դիրքորոշում․ Բաբաջանյան

Մենք չենք կարող միևնույն տնտեսական միության մեջ Ադրբեջանի հետ գտնվել, քանի դեռ հակամարտության վերաբերյալ մենք չունենք վերջնական դիրքորոշում․ Բաբաջանյան

Ռուսական լրատվամիջոցներում վերջերս լուրեր տարածվեցին, որ Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցության հնարավորությունն է քննարկվում ՌԴ իշխանությունների կողմից, և Ռուսաստանի իշխանություններին այս պահին թվում է, որ կկարողանան Հայաստանին համոզել գերիների վերադարձի դիմաց համաձայնելու ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ մեր երկիրը, ինչպես նախկինում, այսօր առավել ևս չպետք է գերիների վերադարձի խնդիրը որևէ կերպ պայմանավորի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցությամբ:

«Մենք չենք կարող միևնույն տնտեսական միության մեջ Ադրբեջանի հետ գտնվել, քանի դեռ հակամարտության վերաբերյալ մենք չունենք վերջնական դիրքորոշում և չունենք խաղաղության պայմանագիր այդ երկրի հետ: Կարծում եմ՝ սա պետք է լինի մեր արտաքին քաղաքական վերաբերմունքը ստեղծված իրավիճակին: Գիտենք նաև, որ Բաքվում Լուկաշենկո-Ալիև ձևաչափով քննարկումներում ևս շոշափվել է այս թեման: Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է այս հարցով և նշել, որ Երևանը շուտով կունենա պատասխան հարցի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ հարցը բավական հասունացել է, և ստեղծված տարածաշրջանային նոր իրողությունները ՌԴ-ի համար Ադրբեջանի անդամակցության առաջնահերթություն են սահմանել: Կարևոր է, որ կարողանանք մեր շահը առաջ մղել և պաշտպանել արժանիորեն»,- ասաց Բաբաջանյանը:

  • Կիսվել: