ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք ցանկանում ենք աշխատել այնպիսի խորհրդում, որն իսկապես մտահոգ է բուհի խնդիրներով. Ժաննա Անդրեասյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին անդամակցելուց հրաժարվելու մասին

Մենք ցանկանում ենք աշխատել այնպիսի խորհրդում, որն իսկապես մտահոգ է բուհի խնդիրներով. Ժաննա Անդրեասյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին անդամակցելուց հրաժարվելու մասին

Կուզեի ընդգծել, որ սա ամենակարևոր հարցը չէ և հաճելի չէ քննարկման համար, բայց հարցը ստացավ հանրային հնչեղություն, և հնչեցին տարբեր տեսակի մեղադրանքներ, և կուզենայի մեկնաբանել՝ ինչու ենք մենք դուրս եկել Հոգաբարձուների խորհրդից, և մենք ունենք պատճառներ, որոնք պարզ փաստեր են: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նշենք, որ ապրիլի 11-ին ԵՊՀ hոգաբարձուների խորհրդի` կառավարության 11 անդամներ դիմում են ներկայացրել, ըստ որի` հրաժարվել են անդամակցելուց Հոգաբարձուների խորհրդին:

«Վերջին նիստը տեղի է ունեցել հունվարի 29-ին, և մեզ ուղարկել էին խորհրդի որոշման նախագծերը, որպեսզի տեսնենք՝ ինչ առաջարկներ կան, և հենց առաջին հարցը, որը դրվեց հունվարի 29-ի նիստի քննարկմանը, Հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու հարցն է: Հոգաբարձուների խորհրդի փաստաթղթերի բաժնում տեղադրված են որոշումներ, որտեղ ձևակերպումները չեն համապատասխանում խորհրդի կողմից քննարկված և քվեարկված որոշմանը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծեց՝ կառավարության անդամները չեն կարող աշխատել այդպիսի մթնոլորտում, քանի որ նրանք մասնակցում են որոշակի գործընթացների, բայց արդյունքում որոշումներն այլ են:

«Խորհրդի անդամներս հայտնաբերում ենք՝ տեղի է ունեցել խորհրդի ընթացքում քննարկումների և կայացրած որոշումների խեղաթյուրում և հիմա չունենք վստահություն այդ խորհրդում տեղի ունեցող կատարվածների նկատմամբ։ Մեր դիրքորոշումն է, որ մենք կարիք ունենք կառուցողական մթնոլորտի՝ բուհի խնդիրներով մտահոգվող խորհրդի ձևավորման»,- նշեց նա:

  • Կիսվել: