հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք այսօր ժողովրդավարական իրավիճակի մեջ ենք. Փաշինյան

Մենք այսօր ժողովրդավարական իրավիճակի մեջ ենք. Փաշինյան

Ընդդիմության մի հատվածը իշխանությանը մեղադրում է բռնաճնշումների և բռնապետական գործելակերպի մեջ, իսկ հանրության մյուս հատվածը՝ թուլության մեջ։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե այդ տրամաբանությամբ ուսումնասիրենք դիսկուրսը, ապա իրականում երկու բան կա՝ ընդդիմության մի հատվածը մեզ մեղադրում է բռնաճնշումների և բռնապետական գործելակերպի մեջ, իսկ հանրության մյուս հատվածը մեզ մեղադրում է թուլության մեջ։ Երևի այս երկու ձևակերպումները խառնենք իրար, և երևի թե կստացվի ճիշտ լուծույթը, այստեղից էլ պարզ է, որ մենք այսօր ժողովրդավարական իրավիճակի մեջ ենք։

Ընդ որում՝ ժողովրդավարական կանոններով ամենևին էլ նորմալ չէ, որ ամիսներով մարդկանց ճանապարհները փակ լինեն, բայց մեր գործելակերպի տրամաբանության մեջ հետևյալն է, որ քանի որ շատ զգայուն և զգացմունքային թեմաներ են քննարկվում, մենք չենք ուզում հանկարծ տպավորություն ստեղծենք, որ ինչ-որ դավադրություն կա, և իշխանությունն էլ այդ դավադրությունը թաքցնելու համար ճնշում է, ջարդում է, փշրում է և այլն, և այլն։ Եվ հենց սրանում է ժողովրդավարության էությունը։ Կա մտավախություն, այդ մտավախությունը թող բարձրաձայնվի։

Բայց էլի եմ ասում, որ այլ հարց է, թե ինչ տրամաբանական սահմանների մեջ պետք է տեղի ունենա։ Այդտեղ էլ որևէ մտահոգություն չունենք՛՛:

Փաշինյանը հավելեց նաև, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ ընդդիմության բողոքի ակցիաներն այլևս ոչ ոքի չեն հետաքրքրում:

  • Կիսվել: