չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Մենք այս հարցում թափանցիկ ենք. Փաշինյանը՝ ՀՀ տարածքը Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու նպատակով չօգտագործելու մասին

Մենք այս հարցում թափանցիկ ենք. Փաշինյանը՝ ՀՀ տարածքը Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու նպատակով չօգտագործելու մասին

Մենք պատժամիջոցների հարցով լիարժեք կապի մեջ ենք և համագործակցում ենք և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ, որպեսզի կարողանանք դրսևորել միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցչի պահվածք: Այս մասին Ֆրանս Պրեսին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Միացյալ Նահանգները և Եվրոպան կասեցրել կամ սահմանափակել են մեքենաների վաճառքը Ռուսաստանին, ինչպես նաև պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը՝ երաշխավորելու համար, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվում Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու նպատակով։

՛՛Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք այս հարցում էլ թափանցիկ ենք: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, և բնականաբար, առաջին օրերից էլ հասկացել ենք, որ սանկցիաները, որոնք կիրառվում են Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ, որոշակի խնդիրներ են առաջացնելու, հասկացել ենք նաև, որ Ռուսաստանը նաև մեզնից որոշակի ակնկալիքներ է ունենալու, որպեսզի օգնենք այս բարդ տնտեսական միջավայրում, ինչքանով կարող ենք օգնել, որովհետև պատկերացրեք Հայաստանի ծավալները, Ռուսաստանի ծավալները՛՛,-ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն հասկացել է նաև, որ Արևմուտքն էլ է ակնկալելու, որպեսզի իրենց աջակցենք՝ սանկցիաների ռեժիմը պահպանելու համար:

՛՛Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ խոսելիս ասել ենք հետևյալը՝ մենք հասկանում ենք ձեր ակնկալիքը և պատրաստ ենք հասցեագրել ձեր ակնկալիքը, բայց մինչև այն կետը, երբ Հայաստանի համար կառաջանա սանկցիաների տակ հայտնվելու վտանգ, որովհետև եթե Ռուսաստանի նման անծայրածիր պետությունը կարող է իրեն թույլ տալ սանկցիայի տակ հայտնվել, Հայաստանն, առավել ևս այս ռազմաքաղաքական միջավայրում, չի կարող իրեն նման բան թույլ տալ: Եվ մենք այս նույն տեքստն ասել են նաև Արևմուտքին: Դա ապացուցվում է նրանով, որ ես սա ասում եմ տեսախցիկների առաջ:

Եվ մենք այս կանոնով աշխատում ենք: Իհարկե կան նաև ոչ անհայտ ուժեր, ովքեր անընդհատ եվրոպական և ամերիկյան մամուլում մեծ լոբբինգ են անում՝ ցույց տալու համար, որ Հայաստանը սև խորշ է այդ առումով, բայց մենք պաշտոնական մակարդակում այս պահի դրությամբ չունենք ոչ մի պահանջ Եվրամիության և ամերիկյան գործընկերներից, Ռուսաստանից էլ, որովհետև չենք ուզում խորամանկել մեր գործընկերների հետ, պարզ ասում ենք, և կարծում եմ, մեր դիրքորոշումը լեգիտիմ է:

Սա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ իդեալական է: Նախ պետք է այդ էլ արձանագրեմ՝ սանկցիաների ռեժիմները շատ հաճախ փոփոխվում են: Եվ իրականում մասնավոր հատվածն է ապրանքներ տանող-բերողը: Մենք առավելագույնն անում ենք, որպեսզի ամեն ինչ լինի այն կանոնի շրջանակում, ինչ ես քիչ առաջ ասացի: Եվ իմ կարծիքով, ոչ թե իմ կարծիքով, այլ նաև մեր միջազգային գործընկերների կարծիքով էլ, մենք դա կարողանում ենք անել և շարունակելու ենք՛՛,-նշել է ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: