հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը․ Ռոբերտ Քոչարյան

Մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը․ Ռոբերտ Քոչարյան

Ադրբեջանը փորձել է բարելավել դիրքերը սահմանի այդ հատվածում եւ հայկական ուժերը ոչ միայն կանխել են այդ փորձերը, այլեւ արժանի հակահարված տալով, իրենք են բարելավել իրենց դիրքերը․ սա է կատարվել սահմանի այդ հատվածում։ Այս մասին «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հուլիսին Տավուշի սահմանի մոտ ծավալված մարտական գործողություններին, գրում է news.am-ը։

«Համարում եմ, որ մեր զինված ուժերն արձագանքել են ճիշտ, ժամանակին, արագ եւ համարժեք։ Դրանից հետո, փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը, Ադրբեջանը սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը, օգտագործելով եւ հրետանի, եւ անօդաչու սարքեր։ Եվ, ըստ էության, այդ լոկալ մարտը վերածվեց ավելի մասշտաբային մարտական գործողությունների։ Սա է շատ կարճ բնութագիրը, ինչ կատարվել է։ Հիմա, ինչո՞ւ էր Ադրբեջանի արձագանքը այդ լոկալ միջադեպին, այդքան, այսպես ասենք, ցավագին։ Գիտեք, մենք պետք է այս ամենը դիտարկենք անցած 2 տարվա կտրվածքով՝ ինչ էր տիրում սահմանին, ինչ էր տիրում հայ-ադրբեանական շփման գծի երկայնքով։ Ըստ էության, մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը։ Իսկ դիրքային առավելությունը չափազանց կարեւոր է։ Ընդհանրապես, զինվորականները պետք է համարեն, որ այս հակամարտությունը լուծում չունի։ Սա տեւելու է շատ եւ շատ երկար, եւ եթե քո դիրքը հարմար է, մարտական դիրքի մասին է խոսքը, ապա դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, եւ հակառակը՝ մյուս կողմի համար։ Դրա համար, չափազանց կարեւոր է առաջնագծում միշտ մտածել դիրքերը բարելավելու եւ ամրապնդելու մասին, ինչը, ցավոք, մենք չէինք անում վերջին 2 տարվա ընթացքում։ Իրենք անարգել բարելավում էին իրենց դիրքերը եւ անարգել ամրացնում եղած մարտական դիրքերը։ Եվ, հավանաբար, սովորել էին, որ այդպես էլ պետք է լիներ։ Եվ երբ կանխվեց ու հակառակը տեղի ունեցավ, ապա սկսեցին խաղաղ բնակչությանը ռմբակոծելով, փորձել ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ՝ մեկ պարզ պատճառով․ վերադարձնել այն, ինչի համար այս ամենը սկսվել էր՝ դիրքային բարելավում», ասել է ՀՀ 2-րդ նախագահը։

Բանակի առջեւ միշտ խնդիր էր դրված՝ մաքսիմալ կերպով բարելավել դիրքերը եւ դիրքերի էական ամրացումները սկսվել են հենց այդ տարիներին։ Ի պատասխան՝ «ձեր կառավարման տարիներին փորձեր եղե՞լ են դիրքերը բարելավելու» հարցին, ասել է Ռոբերտ Քոչարյանը։

«Ամեն տարի ես այցելում էի առաջին գիծ, հիմնականում դա Ղարաբաղի հատվածն էր, եւ կազմում էինք տարեկան ծրագիր այն աշխատանքների, որ պետք է արվեին առաջնագծում։ Ամեն տարի մենք լուրջ միջոցներ էինք ներդնում դիրքերը բարելավելու համար, երկրորդ պաշտպանական էշելոնը կառուցելով, երրորդը կառուցելով։ Սա ամենօրյա աշխատանք է եւ այդպես պետք է լինի։ Եվ Բանակի ղեկավարությունը գիտեր, որ յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր հատվածում, եթե ուներ հնարավորություն դիրքերը բարելավելու եւ ամրացնելու, ուրեմն, առանց հարցնելու, դա իրենց սուրբ պարտականությունն է, իրենք պարտավոր են դա անել։ Սա է եղել մոտեցումը։ Եվ փորձեմ նաեւ կապել այս սահմանային իրադարձությունները մեր վարած քաղաքականության հետ․ առաջին հետեւությունը, երեւի, հետեւյալն է՝ պարզվեց, որ Ադրբեջանի նախագահն այդքան էլ կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանը այդքան էլ խաղաղասեր չէ, եւ Ադրբեջանի ժողովուրդն այդքան էլ պատրաստ չէ խաղաղության։ Իսկ մեր հանրությանն ինչո՞վ էին «կերակրում», հատկապես Դուշանբեից հետո, որ ունենք շատ կոնստրուկտիվ տրամադրված հակառակորդ, որի հետ բանակցում ենք, եւ եթե հանկարծ իրենք չգնան հարցի կարգավորման խաղաղ ճանապարհով, ապա մենք կդիմենք Ադրբեջանի ժողովրդին։ Հիմա՝ ի՞նչ մնաց այս 2 տարում որդեգրված մոտեցումից։ Դուք ինձ ասեք՝ մի բան մնա՞ց, թե՞ չմնաց։ Նույնիսկ պատերազմի ժամանակ, 91-94 թվականներին, այսպիսի բախումներ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Մոսկվայում կամ Միացյալ Նահանգներում երբեք չեն եղել։ Հիմա մենք պետք է ֆիքսենք երկու չափազանց կարեւոր փաստ․ մենք այսօր ունենք ոչ միայն ռեւանշի ձգտող կառավարություն Ադրբեջանում, այլեւ ռեւանշի ձգտող ժողովուրդ Ադրբեջանում։ Այս 2 հանգամանքը միանում են իրար եւ պատերազմի վերսկսման վտանգը շատ ավելի մեծ է լինում։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այլեւս ժողովրդին դիմելու բանաձեւը, կառավարության կոնստրուկտիվիզմի հետ այլեւս հույսեր կապելու բանաձեւը չկա, եւ կառավարությունը այսօր պետք է խոստովանի, որ այս 2 տարվա ընթացքում այս հարցի շուրջ սխալ քաղաքականություն է վարել։ Եվ պետք է ընդունի, որ պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք 2 տարի առաջ», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

 

  • Կիսվել: