ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մելքոն Մակարյանը ստանձնեց Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնը

Մելքոն Մակարյանը ստանձնեց Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցներին ներկայացվեց Ախալքալաքի մունիցիպալիտետի նորընտիր քաղաքապետ Մելքոն Մակարյանը։ Ներկայացմանը ներկա էր Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։ Մելքոն Մակարյանին ներկայացրեց Ախալքալաքի թիվ 40 ՇԸՀ նախագահ Հասմիկ Մառանգոզյանը, գրում է jnews.ge-ն:

Քաղաքապետարանի նիստերի դահլիճում հավաքվել էին քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցները։ ՇԸՀ նախագահ Հասմիկ Մառանգոզյանը շնորհավորեց նորընտիր քաղաքապետին և ներկաներին ներկայացրեց նրան, նաև մաղթեց, որ հաջորդ ընտրություններում ընտրողը քվեաթերթիկում փնտրի Մելքոն Մակարյանի անունը։

Այնուհետեւ ելույթ ունեցավ շրջանի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։ Նա մասնավորապես ասաց.

«Շնորհավորում եմ Մելքոնին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ, Սամցխե-Ջավախքը միակ շրջանն է, որտեղ երկրորդ փուլ չի ​​ անցկացվում, շնորհակալություն նման արդյունքի և աշխատանքի համար, սա ձեր աշխատանքի արդյունքն է, մեր խումբը շարունակելու է աշխատել երկրի զարգացման ուղղությամբ»,- ասաց Բեսիկ Ամիրանաշվիլին։

Նախկին քաղաքապետ Յուրիկ Ունանյանը նույնպես շնորհավորեց և ասաց, որ Մելքոն Մակարյանը պետք է ավելի ջանասիրաբար շարունակի իրենց աշխատանքը, էլ ավելի լավ արդյունքների հասնելու համար։

Մելքոն Մակարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին իրեն վստահելու համար.

«Շնորհակալ եմ բոլորիդ վստահության համար, ես իմ ընտրողին խոստացել եմ, որ նրանց հետ ազնիվ եմ լինելու, աշխատելու եմ թափանցիկ և ճիշտ։ Մեր շրջանի զարգացման համար անհրաժեշտ է նաև մեր համաքաղաքացիների մասնակցությունը»,- ասաց Մելքոն Մակարյանը։

Jnews-ի հարցին, թե քաղաքապետարանում սպասե՞լ կտրուկ փոփոխությունների, Մելքոն Մակարյանն պատասխանեց հետեւյալը.

«Աշխատանքը ցույց կտա։ Աշխատանքի ընթացքում ամեն ինչ հնարավոր է».

Հարցին, թե որո՞նք են լինելու առաջին քայլերը քաղաքապետի պաշտոնում, Մակարյանը պատասխանեց.

«Տարին մոտենում է իր ավարտին, մենք կամփոփենք ընթացիկ տարվա արդյունքները, և ամենակարևորը, հաջորդ տարվա ենթակառուցվածքային և տնտեսական աշխատանքները ճիշտ պլանավորելն է»,- ասաց նա։

  • Կիսվել: