չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարն ու նրա եղբայրը

Մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարն ու նրա եղբայրը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի բաժնում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավարը, 2012-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հաստատապես իմանալով, որ եղբոր ընտանիքը որպես նպաստառու հաշվառված է անապահովության գնահատման համակարգում, և նրան համայնքապետարանում աշխատանքի ընդունելու պարագայում վերջինիս ընտանիքը կզրկվի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից, պայմանավորվածություն է ձեռք բերել իր անմիջական ենթակա, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նրա եղբոր հետ, որից հետո իր եղբոր փոխարեն վերջինիս ձևականորեն ձևակերպել է վարորդի պաշտոնում:

Այնուհետև համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու գյուղապետարանի կնիքով վավերացրել է վճարման կեղծ հանձնարարագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են մտցվել, թե, իբր, քարտուղարի եղբայրն է իրականում հաճախել աշխատանքի, կատարել վարորդի պարտականությունները և իր կատարած աշխատանքի դիմաց ենթակա է վարձատրման:

Համայնքի ղեկավարի եղբայրն իր հերթին, 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում, փաստացի կատարելով վարորդի պարտականությունները, Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ներկայացված ամենամյա դիմում-հայտարարագրերում կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, չունի այլ եկամուտներ և խաբեության եղանակով, խարդախությամբ հափշտակել 1.706.000 ՀՀ դրամ նպաստի գումար՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ վերջինիս եղբորը՝ փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: