երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասն իր որդիական զորակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ճանաչում Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ

Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասն իր որդիական զորակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ճանաչում Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ

Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։

Մենք և մեր հոգևոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին և պատրաստակամ ենք նրա հոգևոր իշխանության ներքո՝ սիրով, համերաշխությամբ և ծառայական ոգով, շարունակելու մեր սպասավորությունը հավատավոր մեր ժողովրդի և Սուրբ Եկեղեցու կյանքում։

Խնդրում և հորդորում ենք մեր հավատացյալ հայորդիներին՝ չտրվել պառակտիչ սադրանքներին, մոլորեցնող հայտարարություններին, և զգուշանալով Եկեղեցու միությունը խաթարող խոսքերից՝ պահպանել հոգևոր խաղաղությունը, միասնությունն ու հավատարմությունը Մայր Եկեղեցուն։

Ականջալուր լինենք Սուրբ Պողոսի առաքելական զգուշացմանը. «Քրիստոնյա մի եղբայր իր հավատակից եղբորը դատի է քաշում, այն էլ՝ անհավատների առջև։ Բայց ձեզ համար արդեն իսկ հանցանք է միմյանց դեմ դատ ունենալը։ Ավելի լավ կլիներ, որ հանձն առնեիք անիրավվել կամ զրկանք կրել» (Ա Կորնթ. 6։6-7)։

1. Տ. Մխիթար քհն. Ալոյան - Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
2. Տ. Ղևոնդ քհն. Ղևոնդյան - Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
3. Տ. Անդրեաս քհն. Թավադյան - Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
4. Տ. Թաթուլ քհն. Գասպարյան - Մասիսի Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
5. Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյան - Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ,
6. Տ. Դերենիկ քհն. Միքայելյան - Արևշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
7. Տ. Եփրեմ քհն. Հարությունյան - Մխչյանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ,
8. Տ. Միքայել քհն. Նուրիջանյան - Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,
9. Տ. Հովակիմ քհն. Հարությունյան - Վարդաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
10. Տ. Ղազար քհն. Թորոսյան - Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
11. Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյան - Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
12. Տ. Արծրուն քհն. Միքայելյան - Արարատ քաղաքի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ,
13. Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան - Վերին Արտաշատի Սբ. Աստվածածին և Դվինի Սուրբ Հարություն եկեղեցիների հոգևոր հովիվ,
14. Տ. Հովսեփ քհն. Սարգսյան - Վեդիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
15. Տ. Եզնիկ քհն. Մարդիրյան - Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ,
16. Տ. Բենիամին քհն. Ծատուրյան - Կանաչուտի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
17. Տ. Արտաշես քհն. Հակոբյան - Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ,
18. Տ. Տիրան քհն. Նահապետյան - Բյուրավանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ,
19. Տ. Հարություն քհն. Հակոբյան - Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,
20. Արսեն սրկ. Զոհրաբյան,
21. Ռոբերտ սրկ. Տերտերյան՛՛։

Հիշեցնենք, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ էր նշանակվել Հայր Ռուբենը։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում էր անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով Գևորգ Սրբազանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։

  • Կիսվել: