շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաստաթուղթ չկա բանակցային սեղանին. Ռուբեն Ռուբինյան

Փաստաթուղթ չկա բանակցային սեղանին. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ասում էր իրականությունը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառանալով երեկ ԼՂ համակարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը հաջորդած Զոհրաբ Մնացականյանի պատասխանին։

«Սերգեյ Լավրովը ներկայացրել է իր դիրքորոշումը կամ ընկալումը, Զոհրաբ Մնացականյանն՝ այն իրողությունները, որոնք կան և մեր դիրքորոշումը դրա վերաբերյալ»,- ընդգծեց նա։

Հարցին, թե արդյոք ռուսական կողմի պարզաբանման կարիք չկա՞,  Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ եթե կարիք լինի, մեր հնարավոր գործողությունների տեսակը ԱԳՆ-ում կորոշվի»։

Դիտարկմանը, թե արդյոք Լավրովի հայտարարություններն աջակցություն չեն ադրբեջանական կողմին, պատգամավորը նշեց, որ համանախագահները բալանսավորված են իրենց դիրքորոշումներում. «Կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, թե ինչու են հնչում այս կամ այն հայտարարությունները»։

Նրա խոսքով՝ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, իսկ թե ինչ է քննարկվում, ամենաբարձր մակարդակով՝ վարչապետի կողմից բազմիցս հայտարարվել է։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին հայտարարել էր, որ ակտիվ քննարկվում են անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումները։ Խոսքը, ըստ նրա, ԼՂ հակամարտության փուլային կարգավորման մասին է, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում:

Ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով․ միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու։

  • Կիսվել: