ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մասիս Մայիլյանը անցնում է սպառնալիքների․ Վահրամ Աթանեսյան

Մասիս Մայիլյանը անցնում է սպառնալիքների․ Վահրամ Աթանեսյան

«Որքան մոտենում է քվեարկության օրը, այնքան ուժգնանում է իմ դեմ ստի ու կեղծիքի տարափը։ Սրանով փորձում են մեզ կտրել գործից և զբաղեցնել ստահոդ լուրերի հերքմամբ։ Բայց ապարդյուն՝ մեր հիմնական առաքելությունը եղել ու մնում է մարդկանց հետ պարզ ու սրտաբաց զրույցներով Նոր Արցախի տեսլականն անխուսափելի իրողություն դարձնելը։ Այնպես որ, հանգիստ եմ վերաբերվում այս ամենին և նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Վստահ եղեք՝ կորոնավիրուս համավարակին զուգընթաց հաղթահարելու ենք նաև քաղաքական կորոնավիրուսի ախտը, և այդ մարդիկ հայտնվելու են բարոյական մեկուսացման մեջ, իսկ շատ շուտով էլ՝ իրենց տերերի հետ, պատմության աղբանոցում»։ Այս գրառման հեղինակն Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն է:

Ինչպես նշում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, գեղեցիկ չէ, երբ նախագահի թեկնածուն զբաղվում է պլագիատով:

««Քաղաքական կորոնավիրուս» ձեւակերպման հեղինակային իրավունքն իմն է: Այդպես ասելիս նկատի եմ ունեցել աղանդավորական այն ախտը, որ նրա համակիր եւ աջակից շրջանակներն էին փորձում ներդնել Արցախում: Երեւում է՝ խոփը քարի է առել: Հանրության լայն շրջանակները մերժում են մերկապարանոց վերագրումներն ու բարձրագոչ խոստումները: Ասել եւ կրկնում եմ՝ Արցախը փոքրիկ երկիր է, այստեղ մեկը մյուսին «յոթը պորտով» գիտի: Մայիլյանը պետք է հասկանար, որ թիրախավորելով՝ ինքն էլ թիրախավորվում է եւ ստիպված է լինելու առերեսվել շատ ցավոտ հարցադրումների: Նա այլ ճանապարհ է ընտրել եւ, ինչպես տեսնում ենք, իրավիճակի սթափ գնահատման փոխարեն անցել է սպառնալիքների:

Ընդդիմախոսների համար, պարզվում է, նա «բարոյական մեկուսացում»՝ հանրային օստրակիզմ է նախատեսում եւ նրանց տեղ տալիս «պատմության աղբանոցում»: Ոչինչ չես ասի, հնչում է շատ օրիգինալ, եթե նկատի ունենանք, թե հաջողության դեպքում ով է լինելու իշխանության իրական տերը: Նաեւ՝ ֆորմալ նախագահի տերը: Կարելի է համոզված լինել՝ Արցախի հանրության ջախջախիչ մեծամասնությունն ապագայի բոլորովին այլ երազանք եւ տեսլական ունի եւ թույլ չի տա բռնատիրության ռեստավրացիա: Իսկ թե որտե՞ղ կհայտնվեն քաղաքական դեժավյուի ապոլոգետները՝ չգուշակենք: Արցախը նաեւ կարողանում է ներել մոլորյալներին, եթե նրանք դարձի են գալիս»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: