երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարզերում մի քանի տասնյակ կրթական հաստատություններ կկառուցվեն ու կբարեկարգվեն. կատարվեց բյուջեի վերաբաշխում

Մարզերում մի քանի տասնյակ կրթական հաստատություններ կկառուցվեն ու կբարեկարգվեն. կատարվեց բյուջեի վերաբաշխում

ՀՀ կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի շրջանակներում կատարել վերաբաշխում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ դա ուղղված է կրթական հաստատությունների վերանորոգմանը:

«Մասնավորապես, 4 միջին մասնագիտական հաստատությունների պայմանների բարելավում, 10 մանկապարտեզի մոդուլային շենքերի կառուցում, 12 մանկապարտեզների մոդուլային շենքերի նախագծում, 21 մոդուլային դպրոցների կառուցում, ինչպես նաև 10 մոդուլային շենքերի նախագծում, 2 դպրոցի նոր մասնաշենքի կառուցում, 17 կրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների կառուցում և 5 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցում, 1 բուհի շենքի հիմնանորոգում, երկու մարզադպրոցի կառուցում, 1 թանգարանի ջեռուցման համակարգի ապահովում, 4 հուշարձանի վերականգնում»,-ասաց Վահրամ Դումանյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագիծը մեծ նշանակություն ունի: Նա հիշեցրեց, որ կառավարությունն ունի մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ  աշխատանքային վիճակի բերելու պարտավորություն:

«Պետք է այս հարցում ուշադիր լինենք, որ ճիշտ գրաֆիկով առաջ գնանք: Որտեղ հնարավոր է դա առաջանցիկ պետք է իրականացնենք: Համոզված եմ կկարողանանք դա անել, մեխանիզմը, որ կօգնի մեզ պատշաճ ժամկետում իրականացնել, սկսել է աշխատել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

  • Կիսվել: