հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մարուքյանը ներկայացրեց իրավիճակից դուրս գալու ԼՀԿ-ի առաջարկած ճանապարհային քարտեզը

Մարուքյանը ներկայացրեց իրավիճակից դուրս գալու ԼՀԿ-ի առաջարկած ճանապարհային քարտեզը

Մեր դիվանագիտությունը պարտվեց, այնուհետև սկսվեց պատերազմը։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա ներկայացրեց ԼՀԿ-ի ճանապարհային քարտեզի մանրամասները, որի առաջին կետով վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

՛՛Անվստահություն հայտնելու մեթոդով վարչապետը հեռանում է, և ընտրվում է նոր վարչապետ, ցնցումներ չեն լինում։ Մեկ քվեարկությամբ գործող վարչապետը համարվում է հրաժարական տված, իսկ թեկնածուն՝ արդեն ընտրված՛՛,ասաց Մարուքյանը։

Ըստ երկրորդ կետի՝ նախատեսվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում։

Երրորդ կետի համաձայն՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ստորագրած հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցություններ են նախաձեռնվում և իրականացվում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով, նաև վերականգնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքը։

ԼՀԿ ճանապարհային քարտեզի չորրորդ կետը միավորում է Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժը։

Հինգերորդ կետը ենթադրում է ներքին վիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակատող կոչերի բացառում։

Ըստ վեցերորդ կետի՝ տեղի է ունենում պետական ինստիտուտի վերականգնում և ամրապնդում, իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում։

Յոթերորդ կետը վերաբերում է զոհված և վիրավորած զինծառայողների և նրանց ընտանիքների կարիքների պատճաշ ապահովմանը:

Մարուքյանը նշեց նաև ութերորդ կետը՝ արցախահայության, այդ թվում՝ փախստականների խնդիրների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում և ապահովում Արցախում։

Նրա խոսքով՝ իններորդ կետը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգումն է:

Տասներորդ կետով նախատեսվում է միջազգային դոնորների համաժողովի հրավիրում։

Տասնմեկերորդ կետը վերաբերում է հայկական դիվանագիտությանը. ՛՛Հայկական դիվանագիտական թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քայլերի վարում, Հայաստանի խախտված իրավունքների վերականգնման նախաձեռնում միջազգային ատյաններում։ Եթե դիվանագիտությունը չի պարտվում, պատերազմ չի լինում։ Մեր դիվանագիտությունը պարտվեց, այնուհետև սկսվեց պատերազմը։ Պարտված դիվանագիտության համակարգը պետք է տոտալ վերափոխել՛՛։

Տասներկուերորդ կետով նախատեսվում է տնտեսությունը և բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում:

Մարուքյանն աասաց, որ վերջին՝ տասներեքերորդ կետով, ազատ, արդար, թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ արտահերթ ընտրություններ պիտի անցկացվեն:

 

  • Կիսվել: