կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը ձեռք ձեռքի խուժեցին Ազատության հրապարակ․ Բաբաջանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի մասին

Մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը ձեռք ձեռքի խուժեցին Ազատության հրապարակ․ Բաբաջանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի մասին

Բանակ և արդարադատություն. ահա այն կարևոր առաջնահերթությունները, որոնք պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիների անվտանգության, բարեկեցության համար: Այս մասին ԱԺ հատուկ նիստում իր ելույթում ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա շեշտեց՝ եթե հանցագործներն ազատության մեջ են, դա դեռ չի նշանակում, որ դատարանները անկախ են, ճիշտ հակառակը՝ գործ ունենք շատ որոշակի շրջանակներից գերկախվածության մեջ գտնվող դատական համակարգի հետ: 

«Եթե հանցագործներն ազատության մեջ են, կնշանակի պատասխանատվության ինստիտուտը ոչնչացված է, արդարադատություն՝ որպես այդպիսին, չի իրականացվում, դատական իշխանությունն էլ հեղինակազրկված է: Օրերս համացանց սպրդած այդ հայտնի ձայնագրությունն էլ ուղղակի խոսում է այն այլասերված դատական համակարգի իրականության մասին, որի վերաբերյալ պետք է համապատասխան մարմինները ուղղակի արագ հետևություններ անեն, և եթե իրականություն է, Վարդազարյանը, Բեքթաշյանը և այլք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Տեսնում ենք, որ դատական իշխանությունը ոչ միայն իշխանությունից, քաղաքական սուբյեկտներից կախված չէ, այլև գերկախված է, ըստ էության, մաֆիական և օլիգարխիկ հանցագործ ուղիղ շրջանակներից»,- ասաց պատգամավորը:

Բաբաջանյանն անդրադարձավ նաև ներքաղաքական իրողություններին՝ ասելով, որ ծանր օր էր նախօրեին:

«Ըստ էության, մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը ձեռք ձեռքի խուժեցին Ազատության հրապարակ: Տարիներ շարունակ ազատության գաղափարները այլասերածները, ժողովրդավարական արժեքները ոտնահարածները, ընտրական համակարգը ոչնչացրածները, ընտրությունների ժամանակ բռնությունը որպես գործիք օգտագործածները խոսում են այդ նույն Ազատության հրապարակից օրինականության հաստատման մասին, սեփական ժողովրդին ունեզրկած ու գնդակահարած ռազմաքաղաքական խունտան խոստանում է լեգիտիմ իշխանություն ձևավորել: Համակարգային կոռուպցիայի հիմնադիր հայրերը երդվում են պայքարել պետական թալանի դեմ:

Մեղրին Ադրբեջանին հանձնողը խոսում է Սյունիքի անվտանգության ապահովման մասին, Արցախը բանակցային սեղանից դուրս թողածը խոստանում է վերադարձնել ոչ միայն օկուպացված Հադրութը, Շուշին ու գերիներին, այլև վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը: Պաշտոնավարման ողջ ժամանակահատվածը Արցախն ու Հայաստանը սպանությունների թատերաբեմ դարձրած հանցագործը խոսում է երկրում օրինականություն հաստատելու իր վճռականության մասին: Իր պաշտոնավարման 10 տարիներին միայն Հայաստանում էջերով սեփականություն դիզածը՝ չհաշված որդիների ու հարսների, փեսաների անուններով ձևակերպվածները, այժմ խոստանում է ուժեղ Հայաստան կառուցել, միայն թե իշխանությունն իրենը դառնա»,- ասաց Բաբաջանյանը:

Նա ցույց տվեց մի քանի էջով թղթեր, որտեղ ներկայացված է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը, և հարց տվեց իշխանությանը, թե այդ ամբողջ ունեցվածքից ի՞նչ են կարողացել այդ երեք տարիների ընթացքում հետ բերել պետությունից ու ժողովրդից գողացվածներից: Ասաց՝ անձը, ով հիմա պետք է չոքեչոք ազատություն աղերսեր, հայտնվել է Ազատության հրապարակում:

  • Կիսվել: