կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մարտի 1-ի գործի նյութերը կարող են 10 մարդու սպանություն բացահայտել. Քոչարյան

Մարտի 1-ի գործի նյութերը կարող են 10 մարդու սպանություն բացահայտել. Քոչարյան

Հիմնավոր կասկածներ կան, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հատորներում պարունակվող նյութերը բավարար են 10 սպանությունը բացահայտելու համար: Այս մասին այսօր դատարանում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Wikilisk-ի հրապարակումներին ծանոթանալը տպավորություն է ստեղծում, որ ԱՄՆ դեսպանատունն ավելի շատ տեղեկատվություն է ունեցել ներքաղաքական իրադարձությունների մասին, քան ԱԱԾ-ն: 

«Այն, ինչ ես կարդում եմ այնտեղ, ինձ զեկուցվել է: Գործում դա չկա: Մենք ամեն անգամ ասում էինք քննիչներին: Մեզ նույնիսկ չեն տվել այն հատորները, որոնք մարտի 2-ին փոխանցվել են հետաքննող մարմիններին»,- ասաց նախկին նախագահը:

Նախագահը խոսեց նաև ԱԱԾ-ի վերաբերյալ․

«Ամբողջ գործում ընդամենը 2 նյութ կա, 2 նամակ ԱԱԾ-ից: Պատկերացրեք, թե ինչ է տեղի ունեցել երկրում, եւ հանկարծ ամենակայացած կառույցներից մեկից նյութեր չկան: Կարելի՞ է դրան հավատալ: Ընդ որում, փետրվարի 24-ին քրեական գործ էր հարուցվել սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ: Եվ երկրորդ փաստաթուղթը` գործի 3 հատորի` ՀՔԾ փոխանցման մասին որոշումը: Կարելի՞  է, արդյոք, հավատալ, որ ԱԱԾ չի տիրապետել տեղեկատվությանն ամբողջ ընթացքում: Մենք բազմիցս խնդրել ենք տրամադրել նյութերի ամբողջ ծավալը: Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում: Ամեն շաբաթ ԱԱԾ-ի ղեկավարը` բարձր մասնագետը, զեկուցում էր ինձ: Եվ ես գիտեմ, թե ինչ էր նա զեկուցում: Այս զեկույցներից ոչ մի նյութ չկա: Գուցե դրանք կան այլ հատորներում: Կամ ԱԱԾ-ն չի տրամադրել։

«Հիմնավորված կասկածներ կան, որ գործի 600 հատորում բավարար նյութեր կան 10 սպանությունների բացահայտման համար: Նրանք պարզապես չեն ցանկանում դա անել: Պատճառներից մեկն այն է, որ դա կարող է այլ ուղղությամբ տանել, ինչը հակասելու է այս գործին: Եվ երկրորդ` կառաջանան հարցդր` արդյոք տուժածները պետք է մասնակցեն այս նիստին, թե՞ ոչ: Այս շարժառիթն ինձ համար ակնհայտ է: Կամ սա, կամ նա: Բացատրեմ սպանությունների հետ կապված երկրորդ մասը: Առնվազն 3 դեպքում պարզ է: «Չերյոմուխա» հատուկ միջոցների կիրառման հետևանքով: Եվ պարզ է, որ կիրառել են ոստիկանները: Պարզ է նաև, որ հայտնի է շրջանակը, թե քանի ոստիկան է կիրառել: Խնդիրն այն է, որ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ որ զենքից: Բայց շրջանակը պարզ է»։

Ընդհատելով ելույթը` դատավոր Աննա Դանիբեկյանը խնդրեց ըստ էության խոսել:

«Դուք ցավոտ եք ընկալում զուգահեռները: Մենք հետեւում եւ նկատում ենք, որ թեման ցավոտ է` դատելով Ձեր արձագանքից: Դուք պետք է դա հաղթահարեք»,- շարունակեց Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե ըստ էության ավելացնելու բան չունեք, դատարանը կսահմանափակի ելույթը», - ասաց դատավորը:

«Դեռ ըստ էությա՞ն»,- հարցրեց Քոչարյանը:

«Շարունակեք»,- կարգադրեց դատավորը:

«Շնորհակալ եմ: Բայց ես նախընտրում եմ չշարունակել, քանի որ դա Ձեզ նյարդայնացնում է: Առողջ եղեք»,- համակիրների ծափահարությունների ներքո եզրափակեց նախկին նախագահը:

  • Կիսվել: