կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարիա Կարապետյանը «Եվրանեսթ» ԽՎ պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

Մարիա Կարապետյանը «Եվրանեսթ» ԽՎ պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Մարիա Կարապետյանը  ներկայացրել է Հայաստանի անվտանգային միջավայրը և առկա մարտահրավերները, խոսել դրանց լուծման ճանապարհներից: Պատգամավորն անդրադարձել է նաև մեր երկրի արտաքին և տարածաշրջանային քաղաքականություններին:

Մարիա Կարապետյանը հյուրերին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձել դրա հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին` ընդգծելով այդ հարցում միջազգային գործընկերների հետ փոխգործակցության անհրաժեշտությունը:

Խոսելով Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունից` «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը կարևորել է հոկտեմբերի 5-ին ընդունված «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի» մասին բանաձևը, որը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը:

Զրուցակիցները կարևորել են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատումը, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

  • Կիսվել: