Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում․ Փաստաբան
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնում է, որ Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում, քանի որ Հայաստանի առողջապահական համակարգը, բացի հիվանդությունները կոնսերվացնելուց, ի զորու չէ այլևս հիվանդին բուժել։
«Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում, քանի որ հիվանդությունների ավելացման և վատթարացման պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգը, բացի հիվանդությունները կոնսերվացնելուց, ի զորու չէ այլևս հիվանդին բուժել։
Ապացույցը՝ հիվանդի բժշկական վերջին էպիկրիզը։ Եթե հիվանդի արդեն քառասունի հասնող հիվանդություններն առանձին վերցրած Հայաստանում հնարավոր է արդյունավետ բուժել, ապա այդ բոլոր հիվանդությունները, որոնք առաջացել են արդյունավետ բուժում չստանալու արդյունքում, մեկ մարդու օրգանիզմում համալիր բուժելը Հայաստանի բուժհիմնարկներում անհնարին է, որի արդյունքում էլ, ըստ բժշկական էպիկրիզների և բժիշկների, հիվանդություններն ավելանում ու վատթարանում են։ Փաստում եմ, որ Առողջապահության նախարարը, որպես մասնագիտացված առողջապահական պետական լիազոր մարմնի ղեկավար, դա լավ գիտակցելով, ցույց է տալիս անտարբերություն, իսկ Գրիգորյանի գործով դատավորը, տիրապետելով այդ փաստերին, ցույց է տալիս անգործություն։ Արդյունքում հիվանդը գտնվում է անօգնական վիճակի մեջ, քանի որ պետական մեքենան խոչընդոտում է հիվանդին բուժվել այն կլինիկայում, որը ժամանակին բուժել և վիրահատել է հիվանդին, և ծանոթանալով հիվանդի Հայաստանյան բժշկական փաստաթղթերին, բուժման մեթոդիկային, պահանջեց իր հիվանդին անհապաղ տեղափոխել իրենց կլինիկա։