չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մանվել Գրիգորյանի պահնորդական ընկերությունը սնանկացել է

Մանվել Գրիգորյանի պահնորդական ընկերությունը սնանկացել է

Գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող «Երկրապահ սեքյուրիթի» պահնորդական ընկերությունը դատարանի որոշմամբ այս տարվա մարտին ճանաչվել է սնանկ։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ «Երկրապահ սեքյուրիթիին» սնանկ ճանաչելու հայցով դատարան է դիմել Պետեկամուտների կոմիտեն։

Դատական գործից տեղեկանում ենք, որ այս տարվա փետրվարի դրությամբ պահնորդական ընկերությունն ունեցել է մոտ 6 միլիոն դրամի հարկային պարտք։ Դրանք չեն մարվել, որից հետո ՊԵԿ-ը դիմել է հարկադիր կատարման ծառայությանը՝ գումարը բռնագանձելու համար, սակայն պարզվել է, որ ընկերությունը գույք կամ դրամական միջոցներ չունի։ Մարտի 31-ին սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը վճռել է սնանկ ճանաչել ընկերությանը։

Սնանկության գործի կառավարիչ է նշանակվել Անդրանիկ Ելինյանը։

Մայիսի 26-ին անցկացվել է պարտատերերի ժողով, ապա կազմվել պարտատերերի պահանջների ցուցակը։ Ըստ դրա՝ «Երկրապահ սեքյուրիթին» 6.5 միլիոն դրամի հարկային պարտավորություն ունի պետության նկատմամբ և 19 միլիոն դրամի՝ «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերության նկատմամբ։ «Հովնանյան ինտերնեյշնլը» Վահագնի թաղամասը կառուցապատող ընկերությունն է, որ պատկանում է գործարար, բարերար Վահագն Հովնանյանի ընտանիքին։ Ենթադրաբար՝ գեներալի ընտանիքի ընկերությունը «Վահագնի» թաղամասում պահնորդական ծառայություններ մատուցելու գործառույթ է ունեցել, որը չի կատարել և կուտակել է պարտքեր։ 2017-ին մամուլում հրապարակումներ եղան, որ «Երկրապահ սեքյուրիթիին» է վստահված եղել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում առանձնատան պահպանությունը։

Պահնորդական ընկերությունը հիմնվել է 2016-ին։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության 100 տոկոսի բաժնետերը Մանվել Գրիգորյանի որդին է՝ Արման Գրիգորյանը։

  • Կիսվել: