ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մանկան տան մանկահասակ սաների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվողները դաստիարակներ են

Մանկան տան մանկահասակ սաների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվողները դաստիարակներ են

Մանկահասակ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Երևանի «Մանկան տան» երեք աշխատակցուհիներից երկուսը InfoPort.am-ի տեղեկություններով, դաստիարակներ են։ Առայժմ սակայն, անուններ չեն հրապարակվում։

Նրանցից մեկի փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով մանրամասներ չի կարող փոխանցել և բացի այդ, իր պաշտպանյալի կողմից չունի լրատվամիջոցների հետ շփվելու թույլտվություն։

Փաստաբանը նույնիսկ չպատասխանեց՝ արդյոք իր պաշտպանյալն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը։ «Նախաքննական գաղտնիք է այս գործի հետ կապված ամեն բան, ես հիմա ոչինչ չեմ կարող հրապարակել», -ասաց փաստաբանը։

Երեկ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «Մանկան տան» աշխատակիցների կողմից հաստատության սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի աշխատակցուհիները պարբերաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել, այն է՝ ծեծի են ենթարկել և ցավ պատճառել մի խումբ անչափահաս երեխաների:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի աշխատակցուհիներից երեքին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատիժը ազատազրկումն է՝ 3-ից մինչև 7 տարի ժամկետով:

  • Կիսվել: