հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մաղթում եմ, որ մանկությունը ձեզ համար լինի Հայրենիքում խաղաղ ապրելու ժամանակ․ Արմեն Սարգսյան

Մաղթում եմ, որ մանկությունը ձեզ համար լինի Հայրենիքում խաղաղ ապրելու ժամանակ․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ 
 
«Սիրելի’ երեխաներ,

Այսօր ձեր մանկության պաշտպանության պաշտոնական օրն է:

Բայց այն նախ և առաջ հիշեցում է մեզ՝ մեծահասակներիս, որ ձեզ ու ձեր մանկությունը պաշտպանելու ջանքերն անարդյունք կլինեն, եթե Հայրենիքը՝ մեր սահմանը, մեր երկիրը, մեր տունը, մեր բակը խաղաղ և անվտանգ չլինեն:

Միայն այդպիսի հայրենիքում դուք կարող եք իրականացնել ձեր և ձեր ծնողների, ձեր պապիկների ու տատիկների երազանքները:

Սիրելի՛ ծնողներ,

Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են: Նրանք անկեղծորեն հավատում ու վստահում են ձեզ՝ իրենց ծնողին, իրենց ընտանիքին, անկեղծորեն ուրախանում են անգամ ամենափոքրիկ հաջողության համար, անկեղծ հույսով ու հավատով շարժվում են առաջ նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ նոր են քայլել սովորում...

Մենք իրավունք չունենք որևէ կերպ կասկածի տակ դնել նրանց ի ծնե անկեղծությունը: Ավելին, մեր ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ պետք է պատասխանատու և հանձնառու լինենք, որ որ նրանց մեջ երբեք չխաթարվի հավատը, չկորչի հույսը, չսասանվի վստահությունը: Այդպես մենք կամրացնենք մեր երկրի հիմքերը, այդպես կդաստիարակենք սերունդ, որը կհավատա ինքն իրեն, կհավատա, որ իրենի՛ց է կախված Հայաստանի վաղվա օրը:

Սիրելի’ երեխաներ,

Ես հավատում եմ, որ դուք մեր երկիրը դարձնելու եք շատ ավելի լավը: Հավատում ու մաղթում եմ, որ մանկությունը ձեզ համար լինի Հայրենիքում խաղաղ ու անվտանգ երազելու, առողջ ու բարեկեցիկ ապրելու ժամանակաշրջան:

Մաղթում եմ, որ ձեր հետագա կյանքում ապրեք իրականության վերածված երազանքի աշխարհում, որն այդպիսին կդառնա նաև հենց ձե՛ր մտքի, գաղափարի ու աշխատանքի շնորհիվ»։

  • Կիսվել: