ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լուծումն ազգայնական իշխանությամբ ազգային պետություն ձևավորելն է․ Արա Հակոբյան

Լուծումն ազգայնական իշխանությամբ ազգային պետություն ձևավորելն է․ Արա Հակոբյան

Այս իրողության հիմքերը դրվել են դեռևս 1994-95 թվականներին, երբ ձևավորվեց հակահայկական իշխանական համակարգ։ Իր էությամբ համակարգը հակապետական էր ու ապազգային և այն տիրում է Հայաստանն առ այսօր։ Այս մասին ԱԺ լսումների ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այդ համակարգը տասնամյակներ շարունակ մսխել է այն պաշարները և ձեռքբերումները, որ հայությունը կուտակել ու կերտել է ռազմական ու պետականաշինության փայլուն հաղթանակներով։ Եվ այսօր ունենք իրողություն, որտեղ Հայաստանը որպես պետություն չի գործում, պետականությունը և ինքնիշխանությունը կործանված են, միջազգային սուբյեկտայնությունը կորսված է։

«Փաստորեն այն ձևաչափը, որում գոյություն ուներ Հայաստանի Հանրապետությունը, տապալվել է, 30 տարվա այդ ձևաչափը տապալվել է։ Սա է այն իրողությունը, որի հետ է պետք է կարողանանք առերեսվել և ճանաչել այդ իրողությունը։ Ո՞րն է լուծումը, լուծումը նոր պետություն ձևավորելն է՝ ազգայնական իշխանությամբ ազգային պետություն»,- նշեց նա։

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման հարցերին՝ Արա Հակոբյանն ասաց․ «Բանակցային գործընթացում Արցախի խնդրի հանգուցալուծման համատեքստում չի բարձրացվել Առաջին հանրապետության բռնազավթման ու բռնակցման խնդիրը։ Անդրադարձ չի կատարվել Կարսի ապօրինի պայմանագրին և դրանով ուրվագծված սովետական վարչական և արտաքին սահմաններին։ Եվ այժմ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի կապիտուլյացիոն փաստաթղթերով փաստորեն համաձայնեցում է տրվում այդ ապօրինի սահմաններով սահմանազատում և սահմանագծում իրականացնելուն։ Դա նշանակում է Կարսի և նաև Մոսկվայի՝ 100 տարի առաջ կնքված ապօրինի պայմանագրերի օրինականցում։ Եվ դա նշանակում է, որ մենք հրաժարվում ենք հայրենազրկման, նաև հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հնարավորությունից։ Մենք հրաժարվում ենք մեր ազգային և պետական տարածքներից»,- ասաց նա։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրները» ԱԺ հայտարարության նախագծին՝ Արա Հակոբյանն ասաց, որ հաշվի առնելով այն բախտորոշ իրավիճակը, որում այսօր բոլորս գտնվում ենք, ուղիղ ու շիտակ դրույթներ պետք է ներառել ցանկացած փաստաթղթում։ «Առաջինը պետք է խոսել ոչ թե այն մասին, որ ինչ-որ մեկը իրավասու չէ ներկայացնել Հայաստանը և խախտել տարբեր սահմանադրական նորմեր, այո, դա այդպես է, բայց առաջինն այն է, որ եռակողմ փաստաթղթերը, որոնք ստորագրվել են, դրանք առ ոչինչ են միջազգային իրավունքի տեսակետից։ Առ ոչինչ են ու կատարման ենթակա չեն ՀՀ համար։ Սա է, որ առաջին հերթին պետք է արձանագրել։ Երկրորդ, պետք է անդրադարձ կատարվի, որ Մինսկի ձևաչափը փաստորեն այսօր չի գործում, որովհետև այն օրակարգը և այն մանդատը, որն ուներ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, այսօր առօրեական չէ։ Եվ պետք է մտածել ոչ թե այն մասին, որ 3+3 կամ այլ կեղծ ձևաչափեր ստեղծվեն, այլ պետք է մտածել այն մասին, որ Մինսկի համանախագահների ձևաչափին տալ նոր մանդատ և նոր օրակարգ, որը կկարողանա միջազգային իրավունքի ու լիազորությունների շրջանակում քննարկել արդեն ադրբեջանա-թուրքական կողմի առաջադրած խնդիրները»,- հավելեց նա։

  • Կիսվել: