ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լուրջ չէ կլասիկ քաղաքական գործչի համար. Սիմոնյանը՝ 100 հազար դրամ տրամադրելու՝ Մարուքյանի առաջարկի մասին

Լուրջ չէ կլասիկ քաղաքական գործչի համար. Սիմոնյանը՝ 100 հազար դրամ տրամադրելու՝ Մարուքյանի առաջարկի մասին

«Այո, դա պոպուլիզմ է»,- ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան« խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ 100 հազար դրամ տրամադրել շուրջ 500 հազար ընտանիքի, ինչպես նաև կրկնակի վճարել թոշակները:

«Եթե փող բաժանելու մասին է խոսքը, կառավարությունն այդ փողն այսպես թե այնպես բաժանում է, և այդ բաժանելու մեջ տրամաբանություն կա: Այդ սկզբունքով այսօր կառավարության աջակցության 14 ծրագիր է գործում: Այո, ոչ բոլորին են դրանք հասանելի, բայց 48 միլիարդ դրամի օգնությունն այսօր բաժանվում է ու վերաբերում է մի քանի հարյուր հազար մարդու»,-  ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, ինչ առաջարկվում է Մարուքյանի կողմից, կառավարությունն այսօր դա անում է։

«Ասվում է, թե բա կառավարություն եք, կանխատեսեք։ Էդ ո՞ր մի կառավարությունն է կարողանում այսօր կորոնավիրուս կանխատեսի, չկա տենց բան։ Ճգնաժամ է, որը վերաբերում է բոլորին։ Խոսալուց նույնիսկ չի պտտվում լեզուն ասել՝ «կառավարությունը երկու տարի լավ ա աշխատել», գումար ա ձևավորվել, ասվում ա՝ «բախտի բերմամբ»։ Բա խի՞ չեք բախտի բերմամբ մի երկու անգամ գումար աշխատում կամ մի հաջողություն ունենում։ Դա բախտի բերմամբ չի, դա կառավարության շարունակական աշխատանքի արդյունքն է։ Նենգափոխելով, ֆոկուս-մոկուսներ անելով ոչ մեկ առաջ չի գնա», - նշեց Ալեն Սիմոնյանը։

Ըստ Ալեն Սիմոնյանի, պոպուլիզմ է նաև այն, երբ քաղաքական կուսակցությունը նախապես իմանում է, թե կառավարությունն ինչ է անում ու ասում է՝ «պետք է սենց անել, տեսա՞ք՝ ես ասեցի-արեցի»։

«Ուղղակի լուրջ չի կլասիկ քաղաքական գործչի համար, անլուրջ ա, դա միանշանակ։ Պոպուլիզմ ա, որովհետև մի հատ տենց կուսակցություն կար ժամանակին էս դահլիճում, ՕԵԿ էր կոչվում, երկու տարի ընտրվեց, ավանդներն այդպես էլ ոչ մեկ չստացավ։ Երկու տարի ասեցին՝ «ավանդ, ավանդ, ավանդ», ընտրվեցին։ Այ էս ա պոպուլիզմի դասական օրինակ», - ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ միշտ էլ կարելի է ասել այն, ինչ ուզում է լսել քաղաքացին, բայց կառավարությունը երբեք չի խաբել որևիցե հարցում ու չի փորձել լավը թվալ։

Նա նաև նշեց, որ կառավարությունը չի փորձել իրավիճակից ելնելով էժան դիվիդենտներ քաղել։ «Իսկ այն, ինչ որոշ գործընկերներ անում են, էժան դիվիդենտներ են, որը գիտեմ, թե ով է նրանց խորհուրդ տվել, այդ մասին հաջորդ անգամ կասեմ, եթե կարիք լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք միշտ լինելու են ազնիվ:

  • Կիսվել: