հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Լուկաշենկոն իր «կապրիզներով» գլխացավանք էր Պուտինի համար, և Կրեմլն իրեն շատ չի կոտորելու Լուկաշենկոյին պահելու համար․ Քաղաքագետ

Լուկաշենկոն իր «կապրիզներով» գլխացավանք էր Պուտինի համար, և Կրեմլն իրեն շատ չի կոտորելու Լուկաշենկոյին պահելու համար․ Քաղաքագետ

Եթե մի քանի օր առաջ քաղաքագետ Գարիկ Քեռյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ իշխանության մնալու շանսերը բարձր էր գնահատում, ապա այժմ իրավիճակը, նրա կարծիքով, փոխվել է, և ուժերի հավասարակշռությունը փոխվել է հօգուտ բողոքի դուրս եկած ժողովրդի։
 
«Եթե Լուկաշնեկոյի իշխանության ղեկին մնալու հնարավորությունները բարձր էին մի քանի օր առաջ և գնահատվում էր 50/50, ապա այժմ դրանք նվազել են։ Եթե մի քանի օր առաջ բողոքի ցույցեր էին, ընդդիմադիր գործիչների ելույթներ, երթեր, որոնք Լուկաշենկոյի հաշվարկներով կարող էին շատ արագ ավարտվել, ցրվել, ապա այժմ բողոքների բնույթը փոխվել է, մարդիկ խոշոր գործարաններում դուրս են եկել գործադուլի։ Երկրում համազգային գործադուլ է», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Քեռյանը։
 
Նրա խոսքով, Բելառուսում տնտեսությունը բավական զարգացած է, և հիմնված հսկայական արդյունաբերական ձեռնարկությունների վրա, իսկ հայտարարված համազգային գործադուլը կարող է բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա, կազմալուծել այն։
«Օրինակ՝ «ԲԵԼազը», «ՄԱԶ»-ը և նման շատ գիգանտ ձեռնարկություններ ունեն 20-25 հազարից ավելի աշխատողներ, և պատկերացրեք այս ու այլ նման ձեռնարկություններ անցնում են գործադուլի։ Սրանով կոտրվում է բելառուսական տնտեսության ողնաշարը, սա կոտրում է պետական առավարման ողնաշարը, քանի որ այդ ձեռնարկություններում 60 տոկոս մասնաբաժին ունի պետությունը», -հավելեց Քեռյանը՝ ընդգծելով, որ այս հանգամանքն է ստիպում եզրակացնել, որ Լուկաշենկոն երկար չի կարող այսպես շարունակել և անհասկանալի է՝ ո՞րն է Լուկաշենկոյի հույսը։
 
Մեր հարցին,թ ե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող փրկել Լուկաշենկոյին, արդյոք վերջին հույսը նա չէ՞ Քեռյանը արձագանքեց․
 
«Չի կարող։ Եթե Հայաստանի պես փոքրիկ երկրում Ռուսասանի Դաշնությունը իրեն թույլ չտվեց արտաքին միջամտություն, բնականաբար Բելառուսի նման խոշոր երկրում ՌԴ-ն չի գնա այդ քայլին, քանի որ դա առաջին հերթին վտանգավոր կլինի հենց իր համար»։
 
Ըստ Քեռյանի, աջակցելով Լուկաշենկոյին Ռուսաստանը այդ երկրի ներսում կարող է առաջացնել հակառուսական տրամադրություններ, ինչը իրեն ձեռնտու չէ։ Բացի այդ, քաղաքագետի խոսքով, Լուկաշենկոն իր «կապրիզներով» վերջին տարիներին մեծ գլխացավանքներ էր ստեղծում ՌԴ նախագահ Պուտինի համար։
 
«Եթե խորանանք, Լուկաշենկոն, ըստ էության, խնդիր է նաև Պուտինի համար, որովհետև երկարամյա ղեկավար լինելը տվել է նրան այնպիսի ինքնավստահություն, որ նա սկսել է մանևրել, ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու որոշ քայլեր էր անում, և այս բոլորը ցույց է տալիս, որ Կրեմլը իրեն շատ չի կոտորելու Լուկաշենկոյին պահելու համար», -նշեց Գարիկ Քեռյանը։
 
Դիտարկմանը, թե վերջերս Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցն է կայացել, որի արդյունքներով Լուկաշենկոն հայտարարվեց, որ Պուտինը աջակցելու է իրենց, Քեռյանն ի պատասխան նկատեց, որ հեռախոսազրույցի ժամանակ ցուցարարները քիչ էին, և նման մասսայականություն չկար։ Սակայն այժմ, ըստ քաղաքագետի, իրավիճակն այլ է։
 
«Ես 100 տոկոս համոզված եմ, որ կոշտ միջամտություն չի լինի։ Իհարկե, ռուսները կփրկեն Լուկաշենկոյին, ինչպես եղավ Ուկրաինայի նախագահի պարագայում։ Լուկաշենկոն էլ իր ապաստանը կգտնի որևէ վիլայում ու կվայելի կյանքի վերջին տարիները ապահովության մեջ։ Ամեն դեպքում ռուսները այս առումով չեն «քցում» իրենց դաշնակիցներին», -հավելեց Գարիկ Քեռյանը։
 
Նշենք, որ Բելառուսում օգոստոսի 8-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ժողովրդական բողոքի ալիք է սկսվել․ ամեն օր բողոքի ցույցեր են կազմակերպվում մայրաքաղաք Մինսկում և տարբեր բնակավայրերում։ Մարդիկ ընդվզում են կեղծված ընտրությունների դեմ, պահանջում են, որ Լուկաշենկոն հեռանա։

  • Կիսվել: