ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լրատվամիջոցներին պետք է պաշտպանել, բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է. Վիկտորինը հակադարձեց՝ Փաշինյանին

Լրատվամիջոցներին պետք է պաշտպանել, բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է. Վիկտորինը հակադարձեց՝ Փաշինյանին

Հաշվի առնելով այն դժվար, անվտանգային իրավիճակը, որ գտնվում է Հայաստանը, անհրաժեշտ է, որ այստեղ բնակչությունը լինի դիմադրունակ, եւ մենք աջակցում ենք այն տարածաշրջաններին, որտեղ տեսնում ենք անվտանգության մարտահրավերներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ  նշեց Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ որպես օրինակ բերելով Սյունիքի մարզը:

Նա խոսեց նաեւ մամուլի ազատությունից. «Լրատվամիջոցները պահապաններն անկախության, նրանց պետք է պաշտպանել եւ բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է: Պետք է դիտարկել յուրաքանչյուր դեպք եւ յուրաքանչյուրը առանձին քննարկել: Այո, եթե լրագրողներն ապատեղեկատվություն են տարածում, դրան պետք է անդրադառնալ, սակայն ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ԶԼՄ-ներն են անդրադառնում որոշակի հարցերի եւ մենք պետք է հետաքննող լրագրություն ունենանք: Ես կուզենայի դա մատնանշել որպես շարունակական հանձնառություն լրագրությունը պաշտպանելու տեսակետից եւ բարելավել լրագրության դիրքերը Հայաստանում: Շատերն են շփոթում փաստերն ու մեկնաբանությունները, դրանք պետք է տարանջատել»,-ասաց Վիկտորինը:

Նա կարեւորեց ներառականությունը. «Դա նշանակում է իսկապես թիրախավորել բոլոր խոցելի խմբերին, լինի հաշմանդամություն ունեցող անձինք, լինեն ԼԳՏԲ համայնքը: Կան դեպքեր, որոնք ինձ համար շոկային էին. Ես ակնկալում եմ, որ մի կողմից քաղհասարակությունը պաշտպանի եւ ասի՝ չպետք է այսպես լինի, որ մարդիկ պետք է ունենան անվտանգ ապրել երկրում: Սակայն նաեւ ցանկանում եմ, որ պետությունն էլ ասի, որ սա չպետք է տեղի ունենա մեր երկրում, որ մենք կարողանանք այս մարդկանց իրավունքները պաշտպանել»,-ասաց Վիկտորինը:

ԵՄ դեսպանը կրեւորեց նաեւ կանանց ներգրավվածությունը կառավարությունում, նաեւ խաղաղության գործընթացներում. «Վստահ եմ, որ կանայք կարող են խաղաղության եւ կայունության համար գտնել հարատեւ լուծումներ: Կանանց ավելի մեծ ներկայացվածություն եմ ուզում տեսնել»:

Նշենք, որ նույն ֆորումի ժամանակ իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Հայաստանում մամուլն ազատ է:

  • Կիսվել: